Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը։ 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 19-ին և նույն օրը մակագրվել դատավոր Հովակիմյանին՝ դատարանի նախագահի կողմից։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել Մելքոնյանին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև փոխհատուցել՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար։ Որպես երրորդ անձ է նշվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Հիշեցնենք, որ Մելքոնյանը Հանրային ՀԸ եթերում հայտարարել էր, թե, իբր, Ա. Վանեցյանի գլխավորած զորախումբը փախուստի է դիմել.

«Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։
Մելքոնյանի այս հայտարարությունից հետո Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով հայցադիմում ներկայացնելու որոշման մասին։

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար»,- նշել էին փաստաբանները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Հայրենիք» զորախմբի կողմից դասալքության մասին լուրերը հերքվել էր անգամ պաշտոնական մարմինների, այդ թվում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի կողմից։ «2020թ հոկտեմբերի 30-ին և 31-ին ստորաբաժանման անձնակազմի հետ (108 մարդ) Նուբարաշեն հրաձգարանում անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ։ Ներդաշնակման պարապմունքների ավարտից հետո՝ 2020թ նոյեմբերի 1-ին, համաձայն ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան կարգադրության, ստորաբաժանումը մեկնել է Արցախի Հանրապետություն և անցել պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության տակ։ 2020թ նոյեմբերի 1-ին մինչև 10-ը պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով ստորաբաժանումը նշանակված բնագծում մասնացել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին ԳՇ-ից՝ ընդգծելով, որ «ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել