Armeniasputnik.am-ը գրում է.

Ապաշրջափակումը վերաբերվում է երկու երկրներին. երկուսը համաչափ կերպով պետք է ապաշրջափակեն տրանսպորտային ուղիները, և սկսվի հաղորդակցություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը` խոսելով կոմունիկացիաների բացման մասին։

«Հաղորդակցության բացումից կշահենք ոչ միայն մենք, այլև տարածաշրջանի մեր հարևան երկրները։ Իսկ եթե հատկապես երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ապաշրջափակման հասնել, քանի որ կան հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, ուստի պետք է նորը կառուցվի»,–ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` կառուցվելիք երկաթուղու ուղղությունները կլինեն նույնը, ինչ ԽՍՀՄ տարիներին։ Սանոսյանը նշեց նաև, որ բոլորին հայտնի է՝ երկաթուղին անցնում էր Նախիջևանով, Մեղրիով։

«Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել. երկաթուղին սովետական տարիներին անցել է նաև Իջևանի ուղղությամբ։ Ենթադրաբար, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի, և կարողանանք ամբողջովին ապաշրջափակել, կարծում եմ` նաև տնտեսապես ձեռնտու կլինի այդ ուղղություններով աշխատեցնելը», - ասաց Սանոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` հարցեր կան, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում լուծումների համար, սակայն մեր տրամադրվածությունը պետք է լինի գնալ լուծումների։ Նա նշեց, որ այդ հարցերից մեկը, որը հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։ Փաշինյանի խոսքով` օր առաջ պետք է վերսկսվի աշխատանքը փոխվարչապետների եռակողմ ձևաչափում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել