Armeniasputnik.am-ը գրում է.

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ու Հայաստանում հուղարկավորված զոհերի հարազատներից ոմանք ցանկանում են տեղափոխել իրենց հարազատների շիրիմները:

Այս մասին պարզ է դառնում ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից, որով առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել գործող կարգում՝ նրանց այդ հնարավորությունն ընձեռելու  նպատակով:

Բանն այն է, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգերով վերահուղարկավորումների համար սահմանված է հստակ ժամկետ՝ «թաղումից առնվազն երեք տարի հետո»:

Անսալով պատերազմի զոհերի հարազատների ցանկությանը, նախարարությունն առաջարկում է Արցախյան պատերազմի զոհերի դեպքում  ժամկետային սահմանափակումներ չկիրառել:

«Քանի որ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորված անձանց հարազատները ցանկություն ունեն դիակը տեղափոխելու, ինչից ելնելով էլ առաջացել է նախագծով առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է նախագծի հիմնավորումներում:

Նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել