Օգոստոսի լույս 4-ի գիշերը ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ոստիկաններից մեկը Իջևանի բաժին հայտնել էր, որ Իջևանի Երևանյան փողոցի վարկային կազմակերպություններից մեկի ահազանգման համակարգը միացել է։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և Իջևանի բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին վարկային կազմակերպություն։ Պարզվեց հետևյալը. վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած տղամարդը նռնակի նմանվող առարկայով սպառնալով՝ փող էր պահանջել։

Այդ ընթացքում աշխատակիցը սեղմել էր ահազանգման ոտնակը, տղամարդն էլ փախել էր՝ պահանջած փողը չստանալով։ Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի, ինչպես և տարածքային քննչական մարմնի ծառայողները հանցագործության բացահայտման նպատակով ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրականացրին քննչական գործողություններ։

Բացահայտման միջոցառումներին միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին վարկային կազմակերպության մասնաճյուղ մտած անձի ինքնության վերաբերյալ։

Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը 31 տարեկան էր, Իջևանի Բլբուլյան փողոցի բնակիչ։ Նա դեպքի հաջորդ օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու խոստովանական ցուցմունք տվեց։ Նա նաև իրավապահներին ներկայացրեց ավազակության ժամանակ հագած տաբատն ու վերնաշապիկը՝ հայտնելով, որ ձեռնոցները, դիմակն ու խաղալիք նռնակը նետել էր Աղստև գետը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ, քննչական փորձարարություն, դատավարական այլ գործողություններ։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել