Armeniasputnik.am-ը գրում է.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հերքում է իր որդու` Արթուր Օհանյանի մասին շրջանառվող լուրերը, թե նա 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել ինքն իրեն ոտքից կրակելով։ Օհանյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացահայտ սուտ որակեց բոլոր նմանատիպ լուրերը։

«Քրեական գործ է հարուցվել, և քննչական մարմինները հաստատել են, որ նման վարկած չկա։ Բացի այդ, իմ որդին գտնվել է իր հրամանատարական կետում, որն ավելի հեռու էր առաջին գծից, և եթե նա վախեցող լիներ, ապա չէր թողնի իր հրամանատարական կետն ու անմիջապես առաջին գիծ մեկներ»,–ասաց Օհանյանը։

Իսկ լուրերը, թե Օհանյանի որդին տանկի մեջ է ինքն իրեն վնասել` կրկին իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Օհանյանը պնդում է` մոտոհրաձգային զորամաս է իր որդունը, ոչ թե տանկային։ Պատգամավորի խոսքով` որդին իր ռազմական մասնագիտությունն ինքնուրույն է ընտրել` միգուցե նաև նայելով հորը։ Բացի այդ, ըստ Օհանյանի, նրա ծառայության ընթացքում որևէ բանով` հատկապես բարձր պաշտոններ ստանալիս, նրան չի աջակցել։

«Որդուս զորամասի հրամանատար նշանակվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձամբ նրան հրավիրել է զրույցի։ Փաշինյանն ասել է, որ կանչել է խոսելու` հաշվի առնելով հայտնի իրադարձությունները։ Իմ որդին պատասխանել է, որ ծառայում է հայրենիքին և երբեք չի կարող հրաժարվել իր հորից»,–ասում է Օհանյանը։

Նա հավելեց նաև, որ զորամասի հրամանատարի նշանակումը երկրի վարչապետի իրավասությունը չէ, այլ բանակի հրամանատարի և պաշտպանության նախարարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել