ArmLur.am-ը գրում է.

Հայաստանում թանկացել է առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի՝ 0.3 տոկոս գնաճ: Իսկ սուրճը, թեյն ու կակաոն թանկացել են 0.4 տոկոսով:

Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը հուլիսին հունիսի համեմատ էժանացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 1.4 տոկոսով: Բայց նախորդ տարվա հուլիսի համեմատ, այն թանկացել է 13.5 տոկոսով:
Հայաստանի վիճակագրական կոմիտեն մրգի շուկայում արձանագրել է գների նվազում, այն էլ՝ 13 տոկոսով: Բայց չնայած սրան՝ քաղաքացիներ կան, որոնք դժգոհում են բանջարեղենի բարձր գներից. Վարունգի մեկ կիլոգրամը 350 դրամ է, լոլիկի գինը 300 դրամը գերազանցում է, գազարի գինը սկսում է 500 դրամից: Մինչդեռ նախորդ տարում նշված բանջարեղենի գները ցածր են եղել:

Յուղերի ու ճարպերի շուկայում այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 33.8 տոկոս գնաճ, բայց հունիսի համեմատ այն նվազել է 2.8 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ արևածաղկի ձեթն այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ թանկացել է 75.2 տոկոսով, բայց այս տարվա հունիսի համեմատ գրանցվել է 7 տոկոսով նվազել է: Միեւնույն է՝ պաշտոնապես ձեթի գինը նվազել է, բայց այն շարունակում է բարձր գնով վաճառվել: Շաքարավազի շուկայում նախորդ տարվանից սկսված գնաճը դեռ շարունակում է պահպանվել. այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գինը բարձրացել է 39.4 տոկոսով: Այսօր շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը գերազանցում է 400 դրամը:

Իսկ ահա կաթնամթերքի, պանրի և ձվի շուկաներում մեկ տարվա ընթացքում գրանցվել է 12.1 տոկոս գնաճ, իսկ այս հուլիսին հունիսի համեմատ՝ 0.5 տոկոսով նվազել են գները: Միայն ձվի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 51.3 տոկոսով: Ձկան եւ ծովամթերքի շուկայում մեկ ամսվա ընթացքում գները բարձրացել են 3 տոկոսով: Ըստ մասնագետների՝ պատճառը ներկրվող կերն է: Օրինակ, ՙԻշխան՚ ձկնատեսակի գնաճը մեկ տարվա ընթացքում կազմել է 27.5 տոկոս:

Թանկացել է նաեւ մսամթերքը: Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գները եւս բարձրացել են՝ 0.5 տոկոսով: Իսկ մեկ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակները թանկացել են 9.2 տոկոսով:

Միայն ալկոհոլային խմիչքի գնաճը այս տարվա հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 8.6, իսկ այս հունիսի համեմատ՝ 0.1 տոկոս: Ծխախոտը թանկացել է 1.2 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել