168.am-ը գրում է․

«Փարիզը և Մոսկվան այս փուլում ավելի են սինխրոնիզացնելու իրենց քայլերը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Գելա Վասաձեն՝ անդրադառնալով տարածաշրջանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին ու գերտերությունների դիրքավորմանը:

Նա, մասնավորապես, վերլուծեց իրադարձությունները Վաշինգտոնի, Փարիզի, Բրյուսելի, Մոսկվայի և Անկարայի քաղաքականությունների ֆոնին, դիտարկելով վերջերս արված բոլոր հայտարարություններն ու այցերը:

Գելա Վասաձեն ասաց, որ ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ձեռնտու է միայն մեկ արտաքին խաղացողի՝ Ռուսաստանին:

Ըստ նրա, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են հրադադարի իրավիճակում:

«Սա խաղաղություն չէ, պատերազմը շարունակվում է, և դա պետք է լավ հասկանալ: Հրադադարը հնարավորություն է՝ լուծել ինչ-որ հարցեր, և ամենաքիչը իրավիճակ է, երբ չկա փոխհրաձգություն: Ներկայումս կա խնդիր՝ կողմերին փոքր-ինչ դուրս բերել հրադադարի շրջանակից, որով լուծվում է ՀՀ բոլոր սահմանների արդյունավետ վերահսկման խնդիրը:

Երկրորդ՝ Ռուսաստանին բացարձակ հետաքրքիր չէ միջանցքների բացման հեռանկարն այս փուլում, դա հետաքրքիր կլինի միայն այն դեպքում, երբ Մոսկվան ստանա Վրաստան: Եթե ստանում է Վրաստանը, վերահսկում է ողջ ռեգիոնը՝ Հարավային Կովկասը:

Եթե չի բացվում Վրաստանը՝ Աբխազիայով, և երկաթուղին չի վերաշահագործվում, ապա միջանցք Մոսկվային պետք չէ: Հենց այդ պատճառով Ստամբուլում երկու պրոյեկտ կա՝ Մոսկվայի պրոյեկտ և Անկարայի պրոյեկտ, բայց, ինչպես տեսնում ենք, ակտիվ գործընթացներ տանում է Մոսկվան՝ իր վերահսկողությունը Հարավային Կովկասում հաստատելու և ընդլայնելու համար»,- ասաց Վասաձեն:

Ըստ նրա, Ղարաբաղյան պատերազմից հետո Թուրքիան ակտիվացրել է մեծ թուրքական տարածքի (Մեծ Թուրանի.- Ա.Մ.) ծրագիրը, որը հասնում է մինչև Չինաստան, Բալկաններ, որը փորձում է կանխել Ռուսաստանը, այդ թվում՝ իր քայլերով Հարավային Կովկասում:

Գելա Վասաձեի խոսքով, այս հարցում Ռուսաստանը համակիր, գաղափարակից է գտել և դա, որքան էլ տարօրինակ է, Փարիզն է: Նրա կարծիքով, երկուսի շահերին էլ հակասում է, որպեսզի թուրքական այս ծրագիրն իրագործվի, ուստի ավելի ձեռնտու է ռուսական տարբերակը՝ Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողությամբ:

«Փարիզը Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում ինքնուրույն խաղ է խաղում, Փարիզը չի կարող ՌԴ արբանյակը լինել, բայց այստեղ ֆրանսիացիների ու ռուսների շահերը համընկնում են, ինչո՞ւ, վերոնշյալ պատճառին ավելանում է ևս մեկը՝ ֆրանսիացիները չեն պատրաստվում ֆիզիկական ներկայություն ունենալ ռեգիոնում, թեև դեսպանի հայտարարությունները, թե դա հնարավոր է, եղան, բայց այնտեղ, որտեղ ռուսներ կան, չեն կարող լինել այլ երկրի ներկայացուցիչներ և հատկապես՝ ֆրանսիացիներ:

Այլ հանգամանք ևս կա՝ Ֆրանսիան ընդհանրապես ներքաշվում է արտաքին քաղաքականության մեջ, այսինքն՝ Փարիզը կրկին ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Թուրքիայից խոսելով՝ շատ փորձագետներ այսօր նկատի ունեն Բրիտանիային, այսինքն՝ ավելի շուտ մենք վերադառնում ենք Ֆրանկո-Բրիտանական առճակատմանը տարածաշրջանային խաղացողների միջոցով:

Փարիզին, իհարկե, ձեռնտու և հետաքրքիր կլինի, որպեսզի իր տարածաշրջանային ավատարը լինի Ռուսաստանը, բայց ՌԴ-ն չափազանց մեծ է Փարիզի ավատարը լինելու համար: Մյուս կողմից` դժվար է նաև նույնն ասել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դեպքում, բայց միտումներն այսպիսին են, և այս ամենի մեղավորը ԱՄՆ-ն է: Սառը պատերազմի ժամանակներից մենք սովոր ենք ապրել երկբևեռ աշխարհում՝ արևելյան բլոկ, արևմտյան բլոկ, այս համակարգը տապալված է, ամերիկացիները չկարողացան պահպանել իրենց հեգեմոնիան:

Բայդենի ադմինիստրացիայի համար ներկայումս կարևոր է հետևյալը՝ վերացնել այն, ինչ արեց Թրամփը․ Թրամփը տապալեց եվրաատլանտյան միակամությունը, որի կենտրոնը Բեռլինն էր, և տեղափոխեց այն դեպի Լոնդոն՝ բրիտանոամերիկյան տիրույթ: Ուստի ամերիկացիները ոչ թե ակտիվ մասնակցում են հարավկովկասյան գործերին, այլ վերաձևավորում են իրենց հարաբերությունները, և քիչ հավանական է, որ մասնակցեն ինչ որ գործողությունների, նրանք հետևելու են, որպեսզի իրենց շահերը չտուժեն: Նրանք հետևելու են տարածաշրջանային տերությունների պայքարին: Նրանք դրա վրա ռեսուրս չեն ծախսելու, ամերիկացիներն այլևս համաշխարհային ոստիկանի դերում չեն, բայց բոլորը դեռ շարունակում են մտածել, թե ի՞նչ կասի Վաշինգտոնը»,- վերլուծեց Գելա Վասաձեն՝ շարունակելով, որ մեր տարածաշրջանի համար Մոսկվա-Փարիզ համագործակցությունն իրավիճակային բնույթ է կրում, սակայն բոլոր միություններն էլ իրավիճակային են, դրանք հավերժ չեն:

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա, վրացի վերլուծաբանի խոսքով, Էրդողանը ևս իր խաղն է տանում Մոսկվայի հետ:

«Գլխավոր փաստարկը, որը հնչում է, հետևյալն է, որ ռուսն ու թուրքը կարողանում են պայմանավորվել, ոչ, այսօր նրանք պայմանավորվում են, վաղը՝ ոչ: Մի շարք բախումներ եղան ռուս-թուրքական առճակատման մասով՝ Աֆղանստանից մինչև Իդլիբ, վերջին ժամանակահատվածում: Նշեմ սրան զուգահեռ, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանքը» հրաժարվեց Շառլ Միշելի առաջարկից, որը շոկային էր Վրաստանի ներքաղաքական կյանքի համար:

Շառլ Միշելի առաջարկի էությունը կայանում էր ԸՕ և դատական համակարգի բարեփոխումներում, որի համար գումար պետք է տրվեր Վրաստանին՝ անցկացնում եք բարեփոխումներ, ընտրություններ, գումար է տրվելու, սակայն իշխանությունը հասկացավ, որ եթե բարեփոխումներ անի, կկորցնի իշխանությունը, ուստի հրաժարվեց դրանից, որը շոկային էր: Իհարկե, չեմ կարծում, որ Վրաստանը կթեքվի ռուսական ուղղությամբ, խոչընդոտները չափազանց շատ են, բայց այստեղ ևս գործընթացներ են զարգանում, և Վրաստանը, որն ուներ ԱՄՆ-ի նման աջակից, որը համեմատելի չէ Հայաստանի աջակից Ռուսաստանի և Ադրբեջանի աջակից Թուրքիայի հետ, այսպիսի իրավիճակում է հայտնվել»,- ասաց Վասաձեն:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվելիք մեծ աջակցության մասին հայտարարությունները, Վասաձեն ասաց, որ ԵՄ-ն գումարների մասին է՝ բացառապես:

«ԵՄ-ն դա եվրոբյուրոկրատիան է, որը նստած է Բրյուսելում և տիրապետում է ահռելի ֆինանսական ռեսուրսի: Իրականում, այդ գումարը Բրյուսելի համար կոպեկ է, սա ՀՀ-ում քաղաքական ինչ-որ ներկայության գործիք է: Եվրոբյուրոկրատիան բանակ չունի, ունի բացառապես ֆինանսական լծակներ, շենգեն, սահմանափակումներ տնտեսական բնույթի և Եվրոպայի հասանելիության լծակներ»,- ասաց Վասաձեն:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ սպասվելիք այցին՝ Գելա Վասաձեն ասաց, որ կարելի է ակնկալել Ռուսաստանի և Ֆրանսիայի գործողությունների սինխրոնիզացիա:

«Չեմ հավատում նրան, որ Մակրոնը և Ֆրանսիան կարող են առճակատվել Ռուսաստանի հետ: Ուշադրություն դարձրեք՝ Մակրոնը եկավ՝ որպես հակառուսական գործիչ, նրա համար կազմակերպեցին մի շարք ակտիվ գործողություններ հիբրիդային պատերազմի, այդ թվում՝ «դեղին ժիլետներ», որտե՞ղ են նրանք, ո՞ւր կորան, և դրանից հետո Մակրոնը սկսեց պայմանավորվել ՌԴ-ի հետ, հակառուսական հայացքներ չունի, և Փաշինյանը խաղալու է նրանց հետ: Փաշինյանի համար Մակրոնը հավելյալ փաստարկ է Մոսկվայում, որ Մակրոնն իրեն աջակցում է: Մոսկվան քաղաքական մեկուսացման փուլ է մտնում, և հասկանալի է, որ Փաշինյանի համար Մակրոնի այցը կարևոր է ներքին և արտաքին ամրապնդման առումով ևս: Կարելի է ակնկալել միմիայն քաղաքական աջակցություն»,- ասաց Վասաձեն:

Նրա խոսքով, ֆրանսիացիները քաղաքական աջակցություն կարող են տալ, ԵՄ-ն՝ գումար, ռուսները՝ պատերազմ կամ ռազմական բնույթի աջակցություն, այսքանը: «Եթե ՌԴ-ի հետ ինչ-որ բան պատահի, ապա սա պահուստային ելք է: ՀՀ ղեկավարությունը պետք է կառչի դեսպանի հայտարարություններից և խորացնի հարաբերությունները Ֆրանսիայի հետ»,- ասաց Վասաձեն:

Ամփոփելով՝ նա նշեց, որ այս դասավորությունն է կանխորոշելու ապագա զարգացումները ռեգիոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել