Armenpress.am-ը գրում է․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական   դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ: Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած մշակութային կառույցների հիմնական խնդիրները՝ ինչպես համավարակի սահմանափակումներով և դրա հետևանքներով  պայմանավորված, այնպես էլ գույքային և տեխնիկական խնդիրների տեսանկյունից:

«Հանդիպման կարևոր քննարկումներից էին նաև ԿԳՄՍՆ-ի սահմանած առաջնահերթությունները, որոնց համաձայն՝ սահմանամերձ համայնքները պետք է առանձնանան մշակութային ակտիվ կյանքով, ինչի նպատակով էլ նախարարությունը պետական աջակցության դրամաշնորհներն առաջնահերթ տրամադրում է այն նախագծերին, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում: Այդ համատեքստում ընդգծվել է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի հյուրախաղերը Սյունիքում և Արցախում, ինչը դրական մեծ արձագանք է գտել սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նոր բեմադրություններ իրականացնելու նպատակով Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն մայրաքաղաքի երիտասարդ ռեժիսորների գործուղման հարցին: Այնուհետև քննարկվել են թատրոնի փոքր դահլիճի վերազինման, այդ թվում՝ նաև լուսաձայնային տեխնիկայի ձեռքբերման հարցերը. թատրոնի փոքր դահլիճը հիմնականում ծառայում է մանկապատանեկան ներկայացումների և միջոցառումների համար, որոնք նպաստում են երեխաների ներգրավվածությանը մշակութային կյանքին և գեղագիտական կրթությանը:

Նախարարության տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված՝ հուլիսի 27-28-ը համերգներով հանդես կգա Կապանում և Գորիսում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգներին մասնակցելու են «Վահագն Հայրապետյան» տրիոն (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, վոկալ, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս, մենակատարներ՝ Մավր Մկրտչյան (բարիտոն), Սոֆյա Սայադյան (սոպրանո), Դանիել Մելքոնյան (շեփոր)):

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ, կարևորելով սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի անհրաժեշտությունը՝ հուլիսի 28-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը  «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարների հետ կայցելի Հին Խնձորեսկ և Հին Խոտ գյուղեր՝ քննարկելու ներդրումային ծրագրերին առնչվող հարցերն ու հեռանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել