Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի շրջանի (Մեխակավան) Մեդիլի գյուղի տարածքում ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) մասնագետը։ Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հղում են անում տեղի գլխավոր դատախազությանը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 27-ին։ Ականի վրա պայթածը` Բահրուզ Տապտիգ օղլին, այդ գյուղ էր գործուղվել ականազերծման աշխատանքների նպատակով։ Պայթյունի հետևանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։

Ադրբեջանի ոստիկանության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին նույնպես Ադրբեջանի քաղաքացիներից մեկը Գյոյգյոլի շրջանում պայթել էր ականի վրա։ Տղամարդը մահացել էր։

44-օրյա պատերազմից հետո պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ ականների վրա ադրբեջանցիներ են պայթել։

Բաքվի տվյալներով` այս ընթացքում մոտ 30 մարդ է մահացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել