Երեխաները շատ են սիրում Տիեզերքի մասին պատմություններ լսել։ Այդ հետաքրքրության աճին պետք է նպաստեն ծնողները, ինչը և արել է փոքրիկ Միգելի հայրը։ 

Միգելը սիրում էր հետևել երկնային մարմիններին և հեռավոր համաստեղությունների մասին նոր տեղեկություններ ստանալ։ Եթե սովորական ընտանիքներում նման պարագայում երեխայի համար գրքեր կգնեին և ուսուցանող ֆիլմեր կցուցադրեին նրան, ապա Միգելի ընտանիքում ամեն ինչ այլ էր։ Նրա հայրը՝ Սեզարը, ընդունում էր որդու հետաքրքրասիրությունը, սակայն լինելով պրագմատիկ անձնավորություն՝ առաջարկեց տեսական գիտելիքները պրակտիկ գործողությունների վերածել։ Այդպես, Միգելը հոր հետ միասին մասնակցեց ՆԱՍԱ-ի քաղաքացիական նախագծին։ Վերջինիս շրջանակներում գրանցված բոլոր մասնակիցները զբաղվում էին դեռևս չբացահայտված մոլորակների որոնմամբ։ Փորձի ժամանակ մասնակիցների թիվը ողջ աշխարհում կազմում էր գրեթե 30 հազար։ 

Մասնակիցները նայում էին աստղադիտակներով, լուսանկարներ անում, տվյալներ փոխանցում գիտնականներին։ Նրանք համեմատում էին հայտնաբերված պայծառ կետերը ՆԱՍԱ-ի տվյալների բազայում առկա տվյալների հետ։ 

Միգելն ու հայրը հայտնվեցին կամավորների այն խմբում, որին հանձնարարված էր ուսումնասիրել Երկրից 352 լուսային տարի հեռավորության վրա գտնվող HD 152843 աստղը։ Շաբաթներ շարունակ Միգելն ու խմբի մյուս անդամները տվյալներ էին հավաքագրում երկնային օբյեկտի վերաբերյալ։

Ինֆորմացիան տեղադրվեց կայքւոմ, իսկ ուսումնասիրությունների արդյունքները հատկապես հետաքրքրեցին Օքսֆորդի համալսարանի գիտնական Նորա Էյսներին։ Որոշ ժամանակ անց աստղաֆիզիկոսը պատասխան տվեց փոքրիկ տղային։ Նամակը վերջինիս աշխարհը տակնուվրա արեց և նրան հայտնի դարձրեց քաղաքում։ Միգելը հայտնաբերել էր միանգամից երկու նոր մոլորակ։ 

Առաջին մոլորակը Երկրից մեծ է 3,4 անգամ։ Այն պտտվում է աստղի շուրջն ընդամենը 12 օրում։ Երկրորդը Երկրից մեծ է 5,8 անգամ։ Վերջինս ուղեծրի շուրջ պտտվում է 19-35 օրում։ Բացահայտված մոլորակները չափազանց մոտ են գտնվում աստղին, այդ իսկ պատճառով դրանց վրա կյանք պատկերացնել հնարավոր չէ։ 

Միգելն այժմ անհամբերությամբ սպասում է ֆրանսիական աստղադիտակի կառուցմանը։ Յոթամյա տղան ոչ միայն կարևոր գիտական բացահայտում է արել, այլև, հնարավոր է, մեկ քայլ առաջ արել մասնագիտության ընտրության հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել