Հաննա Ուիլքոքն ապրում է Անգլիայի Ուինչքոմբ քաղաքում։ Փետրվարի վերջին աղջիկն այգուց արտասովոր աղմուկ է լսել։ Հաջորդ առավոտյան դուրս է եկել՝ տեսնելու, թե ինչ է կատարվել, և տան մուտքի դիմաց սև քարիկներ է նկատել։ Աղջիկը ենթադրել է, որ դրանք ածխի կտորներ են, որոնք ինչ-որ անծանոթ է թափել այգում։ Մինչ Հաննան ու ընտանիքի անդամները փորձում էին գտնել մեղավորին, Անգլիայի գիտնականները փորձում էին հայտնաբերել թե որտեղ է ընկել երկնաքարը։ 

Երկնային մարմինը նկատվել է ընկնելու օրվա ցերեկային ժամին։ Ըստ հաշվարկների՝ երկնաքարը պետք է ընկներ Գլոստերշիր դքսության տարածքում, որտեղ էլ հենց ապրում էր Ուիլքոքը։ Գիտնականները հասկանում էին, որ ինքնուրույն գտնել երկնաքարը չեն կարող, այդ իսկ պատճառով ողջ քաղաքին հայտարարեցին գտնելու դեպքում հայտնել իրենց։ 

Հաննայի հայրը՝ Ռոբը, լուսանկարեց հայտնաբերված «ածխակտորները» և ուղարկեց դրանք Գրինվուդի համալսարան։ Նա զարմացավ, երբ պատասխան ստացավ գիտնականներից։ Հաննայի հայրը հպարտ էր իր հաջողությամբ, որը նրան մոտեցրեց մեծ գիտությանը։ 

Գիտնականները շատ էին սպասում երկնաքաը գտնելուն, քանի որ վերջինս գիտական համայնքի համար մեծ արժեք է ներկայացնում։ 

Բացի գիտնականներից՝ քարով հետաքրքրվել են նաև կոլեկցիոներները։ Հազվագյուտ քարերը գնահատողները պատրաստ են կլորիկ գումար վճարել ընկած երկնաքարի փոքրիկ մասի համար։ Սակայն Ուիլքոքների ընտանիքը բոլոր կտորները նվիրաբերել է գիտնականներին։ 

Այժմ երկնաքարը փորձերի է ենթարկվում։ Երբ դրանք ավարտվեն, այն կուղարկվի Լոնդոնի բնագիտության թանգարան՝ ազատ ցուցադրության։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել