Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղերում բջջային կապի աշտարակների մոտ էլեկտրամատակարարման ժամանակակից արևային համակարգերի տեղադրման ժամանակ ապահովել են անվտանգությունը, ինչի մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Աշխատանքի ընթացքում հեռահաղորդակցական ցանցերի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրեն էլեկտրաէներգիայի կուտակման և բջջային կապի աշտարակների շուրջօրյա մատակարարման
համար նախատեսված արևային պանելներ: Բջջային կապի աշտարակները գտնվում են շփման գծի մոտ՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի տարածքներում:

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը նշել է, որ կապի հիմնական կայանում նոր ժամանակակից արևային պանելներ տեղադրելուց հետո Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերի բնակիչներն ապահովված կլինեն կայուն ինտերնետով և բջջային կապով:

«Մեր ուղևորության նպատակն է տվյալ տարածքի բնակիչներին բջջային կապով և ինտերնետով ապահովել: Արդյունքում, կապով կապահովվի մոտակա տարածքը և մոտ 2 հազար աշխատակից ունեցող արտադրական գործարանը»,-ասել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչ Ալեք Հարությունյանը:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի դիտարկման և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել