Tert.am-ը գրում է․
Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողություններին, Բաքվի և Երևանի հնարավոր փոխհարաբերությունների հեռանկարներին` ներկայացնելով փորձագիտական կարծիքներ: 

Աղբյուրը նկատում է, որ շփման գծում վերսկսված գնդակոծությունները ենթադրությունների տեղիք են տալիս, որ Բաքուն կարող է նոր ռազմական գործողություն իրականացնել:

Քաղաքագիտության թեկնածու, Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս Կամրան Հասանով, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջներին, մասնավորապես` «Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական հողեր լինելու» մասին հայտարարություններին, նկատում է, որ դա, ամենայն հավանականությամբ, հռետորաբանություն է:

«Դժվար թե նա լրջորեն հույս ունի այս տարածքների վերադարձի առնչությամբ: Սահմանը վաղուց է ձևավորվել, Ռուսաստանն այս սահմաններում ճանաչել է Հայաստանը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում սահմանի փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Ամենայն հավանականությամբ, սա պատասխան է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է»,-ասել է Հասանովը` ընդգծելով, որ ավելի լավ է առաջնորդվել միջազգային իրավունքով և այդ սահմաններով, որոնք ձևավորվել և ճանաչվել են 1991 թվականին:

Մեկ այլ փորձագետ`Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը, իր հերթին, մեկնաբանելով «Մեծ Ադրբեջանի» քարտեզը, նշել է.«Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Շատ փոքր պետություններ, որոնք նոր են ստացել պետականություն (իսկ Ադրբեջանը, հիշեցնեմ, ընդամենը 30 տարեկան է), ունեն այդպիսի քարտեզներ: Դրանց մասին հիշում են ժամանակ առ ժամանակ, օրինակ, երբ հորինում են իրենց պետականության պատմությունը կամ խաղում են տեղական ազգայնականություն հրահրելու համար: Թեհրանը շատ է վախենում իրանցի ադրբեջանցիների շրջանում ադրբեջանական ազգայնականության աճից`ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, այնպես էլ Թուրքիայի դիվերսիոն գործողությունների պատճառով: Սա նաև սպառնալիք է Ռուսաստանի համար՝  հաշվի առնելով Անկարայի պանթուրքական շահերը և Ռուսաստանի մահմեդական շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա պահանջները: Հյուսիսային Կովկասը, Վոլգայի մարզը և այլն»:

Միրզայանը նկատել է, որ այս ամենը պետք չէ Բաքվին, սակայն վերջինս այս ոլորտում կայացվող հարցերում ինքնուրույն չի գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել