Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 18-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10–ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել  ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից  իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարդ տեղանքում որոնողական աշխատանքներ կատարելու համար ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Գիշերը բարձր ռելիեֆի և մթության պատճառով որոշում է կայացվել որոնողական աշխատանքները մինչև լույսը բացվելը դադարեցնել:  Առավոտյան ժամը 06:00-ից փրկարարներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Բյուրեղավանի  և Նոր Հաճնի բաժանմունքների  ծառայողները շարունակել են որոնողական աշխատանքները և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերվել է տղամարդու դին:  Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի,  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ  Սոս Սեդրակյանի, Տիգրան Բաղյանի և Տիգրան Գևորգյանի գլխավորությամբ:   Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Տ. Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, ով իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա ցած նետվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել