Պաշտոնական Բաքուն բացարձակ սուտ է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ տարածաշրջանում առկա իրավիճակի գնահատականի և Ադրբեջանին ուղղված մեղադրանքների հետ կապված, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան.

«Հայաստանի վարչապետի հերթական հայտարարությունը բացարձակ սուտ է», - ասել է Աբուլլաևան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում հարևան երկրներին, ինչպես նաև միջամտում է Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացին և լարվածություն ստեղծում երկու երկրների սահմանին: 

Նրա խոսքով` Փաշինյանը, իբր, ձգտում է «հիմքեր ստեղծել ագրեսիվ, կործանարար և չհաշտեցման քաղաքականության համար»:

Աբդուլլաևան հայտարարել է, թե Ադրբեջանը հարգում է միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող երկրների տարածքային ամբողջականությունը, ապա Հայաստանի Հանրապետությունն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»:

«Հայաստանի ժամանակակից տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, որտեղ պատմականորեն ապրում էին ադրբեջանցիներ, և որտեղից «20-րդ դարում մեր հայրենակիցները արտաքսվեցին 3 անգամ, վերջին անգամ` 1988 թ.»: Զանգեզուրի շրջանը, նրա արևմտյան և արևելյան հատվածները պատմական իրողություն են: Մեր հայրենակիցների վերադարձը այս հողեր նրանց ամենաբնական իրավունքն է: Սա տարածքային պահանջ չէ, այլ փախստականների վերադարձը իրենց տներ` ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում», - ասել է նա:

Աբդուլլաևան նաև սպառնացել է Հայաստանին նոր պատերազմով. «Հայաստանը հանդես է գալիս լարվածության սրման, ռևանշիզմի դիրքերից և խաղաղության համար պայմաններ առաջադրում: Դժվար չէ հիշել, թե ինչպես ավարտվեց Հայաստանի համար այս ապակառուցողական մոտեցումը, որը նա ցուցադրում էր երկար տարիներ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել