Armeniasputnik.am-ը գրում է.

Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար:

Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռայիսին առանձին ուղերձներով շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Նորընտիր նախագահը, բարօրություն և հաջողություններ մաղթելով ՀՀ կառավարությանը և ժողովրդին, հույս է հայտնել, որ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զարգացման և ընդլայնման ականատեսը կլինի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում Իրանի դեսպանությունն էլ հրապարակել է Ռայիսիի` Ալիևին ուղված ուղերձը:

Ուղերձում նշվում է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրական կապերի, ժողովուրդների ընդհանուր մշակույթի և պատմության վրա:

«Ռայիսին շնորհավորել է նախագահ Ալիևին օկուպացված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կզարգանա ավելի արագ տեմպերով՝ նպաստելով տարածաշրջանի կայունության և խաղաղության ամրապնդմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել