Tert.am-ը գրում է.

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է Բաքվում այդ երկրի դեսպան Նիկոս Պիպերիգոսի՝ դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչների հետ ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք կատարած այցելությանը:

Լրագրող Փոլ Անտոնոպուլոսը նշում է, որ  ադրբեջանական ռեժիմը վերջերս ավելի քան քառասուն դիվանագետի համար քարոզչական շրջագայություն էր կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղի ներկայիս գրավյալ տարածքներ, որոնք թե՛ պատմական, թե՛ ժողովրդագրական առումներով հայկական են:

Լրագրողը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ  նախորդ տարի, երբ Հունաստանի դեսպանն իր հավատարմագրերն էր հանձնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վերջինս ասել էր, որ «Բաքուն ամեն հարցում, այդ թվում նաև Արևելյան Միջերկականում թուրք-հունական տարաձայնություններում, աջակցում է եղբայրական Թուրքիային, և դա գաղտնիք չէ»:

«Եվ չնայած, որ  դեսպան Պիպերիգոսին ադրբեջանցի բռնապետը բացահայտորեն ասել է, որ իր երկիրը կուրորեն կաջակցի Թուրքիային՝  Արևելյան Միջերկրականում  Հունաստանի ծովային իրավունքները գողանալու հարցում, նա, այնուամենայնիվ, անցած հանգստյան օրերին միացավ քարոզչական շրջագայությանը»,-գրում է լրագրողը:

Նա հիշեցնում է, որ Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումը հանգեցրել է սարսափելի ռազմական հանցագործությունների, ինչպիսիք են գլխատումները, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը և եկեղեցիների կանխամտածված թիրախավորումը, անգամ լրագրողների դեմ կրկնակի հարվածներ հասցնելը: 

Անտոնոպուլոսը վերհիշում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ամենաբարձր մակարդակի օտարերկրյա պաշտոնյան էր, որն այցելել է Հայաստան 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում, այն բանից հետո, երբ Հունաստանի հասարակությունը հանդես եկավ պատերազմի մեջ գտնվող երկրին աջակցություն հայտնելու պահանջներով: 

«Այնուամենայնիվ, Հունաստանի հասարակությունն այժմ վրդովված է, որ դեսպան Պիպերիգոսը միացել է ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչական շրջագայությանը, հատկապես որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են նրանց միանալուց»,- գրում է Անտոնոպուլոսը:

Նա նշում է, որ չնայած Ադրբեջանը չի ճանաչում Թուրքիայի կողմից ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվամբ ապօրինի սուբյեկտը, բայց նրա Նախիջևանի ինքնավար շրջանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 բանաձևը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 բանաձևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել