Այս անգամ Blognews.am-ի հետ իր ճամփորդական և կյանքի կարևոր դրվագներով կիսվեց մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը:

Ամենաանփոխարինելի իրը ճամփորդության ժամանակ...
 Ա
նձնագիր, լողազգեստ, մաշկիս խնամքի միջոցներն ու բարձրակրունկներն են՝ անկախ տեղից:
Առիթը կգտնեմ հագնելու։
 
Կրկին կվերադառնայի մանկություն, պատանեկություն, 16 տարեկան... Անցյալ։
 
Մոլորակի ամենագեղեցիկ վայրերն են ինձ համար` Բալին, իմ Սյունիքն ու Արցախը՝ իրենց ամենահագեցած բնությամբ, սիրուն տեսարանով, լայն ու մեծ պատուհաններով լոգարանը...
Այս պահին մտքիս սրանք եկան։))


 
Իհարկե, կընտրեմ անվերջ ամառ ու ձմեռ, որ միշտ լինեմ թաց, արևոտ ու մուգ և կարողանամ ուզածս պահին սնոուբորդ քշեմ ու ձյան տակ պարեմ...
 
Անպայման գեթ մեկ անգամ կթռչեմ ազատ անկումով, պարապլանով թռիչք կանեմ, կցատկեմ ինքնաթիռից, կբռնեմ շա՜տ թույն ալիք-խողովակ (սերֆինգ) ու կսիրեմ վերջին ու իսկական սիրով...

Չեմ երազում, որպես կանոն, բայց կարելի էր հայտնվել այնտեղ, որտեղ ինձ թաքուն քննարկում են: Բայց, այ, եթե երազել, ապա կուզեմ, շատ կուզեմ հայտնվել այնտեղ, որտեղ որոշվում է մոլորակի հարցը, փոխվում են կյանքի տևողություններ, ճակատագրեր, հորինվում են համաճարակներ ու վտանգներ... Նրանց մոտ, ովքեր կառավարում են մեզ ու մեր կյանքը՝ մեր կամքից անկախ։



Եթե կարողանայի ընտրել անսահման ճանապարհորդելու հնարավորություն կամ անսահման գումար, որը կկարողանամ ծախսել ամեն ինչի վրա՝ բացի ճամփորդելուց, ապա կընտրեի, միանշանակ, առաջինը: Առանց ինքնաթիռների կգժվեմ ուղղակի։ Կաշխատեմ, փող կունենամ, այ քեզ բան։)) Ես աշխատելու մոլեգին ցանկություն ունեմ միշտ. ապացույցը միշտ խառը վազվզոցս է ամենատարբեր բնագավառներում...
Երկիր մոլորակի վրա կփոխեի մարդկանց ներսում եղած կամեցողության, բարության, նախանձի, անտարբերության և սրտացավ լինելու հատկանիշները: Որոշների չափաբաժինները կշատացնեի, որոշների առկայությունը կբացառեի, իսկ որոշներն էլ ուղղակի կներարկեի շատերի մեջ, որ վիրուսի պես տարածվեր ամեն բջիջում, որ բարիանային ու սեր տարածեին, առանց այդ էլ շատ են չարացած այս աշխարհում:



Եթե ընտրեի մի երկիր՝ բացի Հայաստանից, կցանկանայի ապրել այնտեղ, որտեղ կա արև, օվկիանոս, ավազ, բացօթյա սիրուն երեկոներ, պարող երիատասրդություն ու քիչ հագնվելու հնարավորություն։

Հաջորդ երկիրը, որը կայցելեմ, լինելու է Կիպրոսը կամ Հունաստանը՝ կախված վիզան ստանալու գործընթացից։

Կարոտում եմ ինձ երեկ և շատ եմ ուզում, որ դա չփոխվի ու չձևափոխվի երբեք, որ չկարոտեմ ինձ՝ տարիներ առաջ ինչ-որ ձև եղածիս, այլ երեկվա Լույսիկին միայն։
Կարոտում եմ պատերազմում գնացած ընկերոջս՝ Սևակին, նրա բարի ժպիտն ու աշխարհը փոխելու ու դրանում այդքան վստահ տեսակը, կարոտում եմ անդարձ գնացած ընկերներիս, մեծ ծնողներիս, բոլոր լավ ու երջանիկ պահերը, որոնք այնքան կարճ են լինում...



Որպեսզի հիմա հերթով չհաշվեմ՝ քանի երկիր եմ այցելել, կընդհանրացնեմ՝  պատասխանելով՝ մոտ 20 երկիր որ հաստատ։
 
Ամենատպավորիչներն էին ամենաանսպասելի պահերն ու ծանոթությունները, ամենավայրի ու խենթ մարդիկ, ովքեր հայտվել են իմ կյանքում...

Միշտ ամեն այցելածս երկրից բերում եմ աչքերիս փայլն ու հաջորդ ամիսը սիրուն ապրելու անասելի շատ էներգիա, լիցքավորվում եմ ուժով ու թարմացած մարտկոցով գալիս վարակելու լավն ու ուրախը։ Իրեղեն բաներ, մագնիսներ ու էլի բաներ... Օ՜, ո՜չ, դա իմը չէ։



Երբ թռիչքը երկար է, ինձ զբաղեցնում եմ հեռախոսիցս նկարներ ջնջելով, որովհետև էս պահին արդեն հատել ենք 75.000 նկարը։ Բայց դրան, որպես կանոն, հերթը չի հասնում, որովհետև ինքնաթիռը շարժվելուն պես ես քնում եմ ու իջնելու պահին էլ բարկանում, որ չեն թողնում՝ մարդ մարդավարի քունն առնի։

Մի անգամ մեքենայով մոլորվել էինք ադրբեջանական գյուղում՝ Թբիլիսիի հարևանությամբ, քույրիկիս հետ: Հազիվ հասել ենք Թբիլիսիի օդանավակայան՝ հրաշքով փրկվելով մեծ փորձանքից:
Աթենքում էլ ոտքով Ակրոպոլիս էինք գնում ու պատահմամբ հայտնվել էինք բարդելների փողոցում, որը շատ հայտնի վտանգավոր տեղ է, ու այնտեղ նույնիսկ ոստիկանությունը մուտք չի գործում: Այնքան արագ եմ վազել, որ ով դիմացս դուրս էր գալիս, գոռում էի վրան՝ իբր վախեցնելով էլի։ Ինձ հետ շատ-շատ են զավեշտալի բաներ պատահում ճամփորդությունների ժամանակ։

Ընկերների հետ շատ ավելի ուրախ է ճամփորդել, քան մենակ: Սիրելիի հետ ճամփորդելուն շատ կողմ եմ, մնաց՝ գտնենք նրան։))


Հարցազրույցը՝ Լիա Մարուխյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել