Armsport.am-ը գրում է․
«Տամպա Բեյ Լայթնինգը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Սթենլիի գավաթի հաղթող: Ջոն Քուփերի սաները դիմակայության 5-րդ խաղում առավելության հասան «Մոնրեալ Կանադիենսի» նկատմամբ՝ նվաճելով պատմության երրորդ չեմպիոնությունը:
Հանդիպումների շարքը «կայծակները» մեկնարկեցին սեփական հարկի տակ խաղով: Առաջինում «Տամպան» ոչ մի շանս չտալով մրցակցին՝ 5:1 հաշվով հաղթանակ տարավ: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկիտա Կուչերովը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Բեն Կիարոտը: Այս հանդիպմանը «Լայթնինգի» կազմում ծանր վնասվածք ստացավ թիմի փորձառու հարձակվող Ալեքսանդր Քիլլորնը, բայց դա չխանգարեց Քուփերին հասնել հաջողության: Երկրորդ հանդիպումը անցավ լարված պայքարում: Կանադիենների բոլոր փորձերը կանխում էր «Տամպայի» դարպասապահ Անդրեյ Վասիլևսկին, որն էլ դարձավ հանդիպման լավագույն խաղացող՝ կատարելով 42 սեյվ: Արդյունքում տանտերերը 3:1 հաշվով առավելության հասան:
28 տարվա դադարից հետո եզրափակչի խաղը տեղափոխվեց Մոնրեալ: Գոլառատ խաղում կանադացիները չկարողացան հաղթահարել Ստեմկոսի և ընկերների ստեղծած պատնեշը՝ պարտվելով 3:6 հաշվով: Չորրորդ հանդիպմանը «Մոնրեալի» գլխավոր մարզիչ Դոմինիք Դյուշարմը վերադարձավ ստանձնելու թիմի ղեկը. մասնագետը բացակայեց տևական ժամանակ COVID 19-ի պատճառով: Խաղի հիմնական ժամանակում հաղթողին պարզել չհաջողվեց: Օվերթայմի երրորդ րոպեին կանադացիների երիտասարդ հարձակվող Անդերսենը դրեց հանդիպման վերջակետը՝ շարքում հաշիվը դարձնելով 3:1: Սակայն Դյուշարմի վերադարձը հաջողությամբ ավարտվեց միայն այս խաղում: 5-րդ պատասխան խաղում «Տամպա Բեյ Լայթնինգը» դրեց դիմակայության վերջակետը: Ռոսս Քոլթոնի խփած միակ գոլով «կայծակները» առավելության հասան նվազագույն 1:0 հաշվով:
Նման ցուցանիշ պատմության մեջ գրանցվել էր մեկ անգամ՝ «Պիտսբուրգ Պինգուինզի» կատարմամբ: Փլեյ-օֆֆի ԷՄ ՎԻ ՓԻ ճանաչվեց Չեմպիոնների դարպասապահ Անդրեյ Վասիլևսկին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել