Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցով շփումներն իրականացվում են մշտապես` եռակողմ համաձայնագրերի իրագործման շրջանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում են արդյոք բանակցություններ ադրբեջանական կողմի հետ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում հանդիպում է անցկացրել  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են մշտապես: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրույթների իրականացումը շատ կարևոր է և այլընտրանք չունի: Եվ այդ իրագործման շրջանակում շփումներ են հաստատվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ»,-ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ հուլիսի 7-ի երեկոյան կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում ղեկավարները «մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին»: «Քննարկվել են եռակողմ համաձայնագրերի իրականացման տարբեր նրբերանգներ և բնականաբար՝ առևտրատնտեսական համագործակցությունը»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել