Armeniasputnik.am-ը գրում է.

Հայտնի են դարձել Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատահարի մանրամասները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են 1 հայ ու 2 ադրբեջանցի զինծառայողներ։

Sputnik Արմենիան պարզել է, որ փոխհրաձգությունից առաջ վիճաբանություն է սկսվել զինծառայողների միջև։ Այդ պահին նրանց միջև հեռավորությունը մոտավորապես 100 մետր է եղել։ Ապա հայ զինվորականների խումբը որոշել է առանց զենքի մոտենալ հակառակորդին՝ իրավիճակը հասկանալու համար։

Ադրբեջանցիները նախ օդ են կրակել, ապա հայ զինվորների ոտքերի ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին։ Հայկական կողմի դիրքերից էլ պատասխան կրակահերթեր են հնչել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել