Armenpress.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ`  «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել