Armenpress.am-ը գրում է.
Արցախի գրողների միության անդամ Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գրքում հայրենի Հադրութի կորուստն է, լքված տունը, հայրենիքի ապագայի հանդեպ բանաստեղծի մրմուռը, քաղաքական խաղերի նկատմամբ վրդովմունքը, պատերազմի ճռռացող դուռը: Այս ամենն ընթերցողին կտանի մի աշխարհ, որտեղ պետք է խորհել, վերլուծել, վերծանել իրականությունը, բայց երբեք-երբեք չկորցնել հավատը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 2-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Հեղինակն ասաց, որ բանաստեղծությունները, որոնք ներառվել ենք գրքում, գրվել են 2019-2021 թվականներին: «Գիրքը չի ներկայացնում պատերազմը, այլ մինչ պատերազմը և դրանից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում և Արցախում: Բուն պատերազմական գործողություններ գրեթե չկան, սակայն կան պատասխաններ, թե ինչու սկսվեց այդ արհավիրքն ու ինչ հետևանքներ ունեցավ»,-նշեց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ գրքի առաջին բաժնում անհատն է, իսկ հետո՝ հայրենիքը:
Անդրադառնալով խորագրին՝ Պետրոսյանն ասաց՝ «Պատերազմի դուռը» բանաստեղծություններից մեկի վերնագիրն է: «Բանաստեղծության մեջ նկարագրում եմ, թե ինչպես 1990-ականներին տատիկս բակում զոհվեց արկի պայթյունից: Այդ իրադարձությունից հետո ակնհայտ է դառնում ամբողջ ընտանիքի դժբախտությունը: Մարդիկ ստիպված դուռը բացեցին ու դուրս եկան տանից»,-պատմեց Վիտալի Պետրոսյանը, որը ստեղծագործում է դպրոցական տարիներից, սակայն լրջությամբ գրականությամբ է սկսել զբաղվել 20 տարեկանից:
Գիրքը լույս է տեսել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ: Այն հրատարակել է «Արմավ» հրատարակչությունը:
Միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ընդգծեց, որ իրենց և՛ մինչև պատերազմը, և՛ հետո համագործակցում են Արցախի շնորհալի երիտասարդների հետ, փորձում նրանց ճանաչելի դարձնել ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և սփյուռքում: Միության նպատակը հայկական մշակույթի պահպանումն ու տարածումն է: Ավագյանը պատմեց, որ մի քանի տարի առաջ Արցախի գրասենյակը կազմակերպել է ստեղծագործական մրցույթ՝ Արցախի երիտասարդ ստեղծագործողներին բացահայտելու նպատակով, և այդ մրցույթին մասնացել է նաև Վիտալի Պետրոսյանը, որն այդ ժամանակ երկու գրքի հեղինակ էր: «Հատուկ մրցանակը հանձնեցինք Վիտալիին «Երևակայությանս երկու եսերը» բանաստեղծական շարքի համար, հետո նրա ստեղծագործությունները սկսեցինք տպագրել սփյուռքի գրական թերթերում: Պատերազմից հետո մենք արցախցի փոքրիկների համար կյանքի էինք կոչել «Համազգայինը Արցախի մանուկների համար» կրթամշակութային ծրագիրը, և Պետրոսյանը, որպես հայոց լեզվի ուսուցիչ, ներգրավեց ծրագրում ու սկսեց դասավանդել Երևանում: Հենց այդ ժամանակ իմացանք, որ նա կրկին բուռն ստեղծագործական կյանքով է ապրում և պատրաստվում է գիրք հրատարակել: Նրա նախորդ գրքերը մնացել են Հադրութի տանը՝ գրադարանում: Մենք որոշեցինք օժանդակել գրքի հրատարակմանն ու նախաձեռնեցինք դա: Այս գրքի ծնունդը թող նոր խթան լինի Վիտալի Պետրոսյանի գրական կյանքում, թող հաջողություն բերի, քանի որ նրա խոսքը տարբերվող է: Վստահ եմ, որ այս ժողովածուն ևս կհաջողի»,-եզրափակեց Ավագյանը:
Շնորհանդեսին ազգային-հայրենասիրական երգերի կատարմամբ զարդարեց տաղանդավոր երգիչ, հադրութեցի Արթուր Խաչենցը: