Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում հուլիսին կրկին շոգ եղանակ է սպասվում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով:

«Պայմանավորված տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝  հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, ամսվա ընթացքում առանձին օրերին կրկին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40…+41 աստիճան: Ի տարբերություն հունիսի, հուլիս ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի սառն օդային հոսանքների ներթափանցում: Այսինքն, չի բացառվում, որ շոգերը ժամանակ առ ժամանակ ընդհատվեն Սև ծովի կողմից եկող սառն օդային հոսանքներով, որոնք կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Հուլիսին հանրապետությունում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, սակայն Գագիկ Սուրենյանը նկատեց, որ հուլիսին սովորաբար տեղումների քանակների նորմաները շատ չնչին են:

Ներկայացնելով առաջիկա օրերի կանխատեսումները՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է տաք օդային հոսանքի ներթափանցում  Իրաքի տարածքից: Օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է: Եթե վերջին 2-3 օրերին նվազման արդյունքում Արարատյան դաշտում և Երևանում օդի ամենաբարձր ջերմաստիճանը եղավ 35-36 աստիճան, ապա հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Հուլիսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40…+41 աստիճան: Դա կարճ կտևի, որովհետև հուլիսի 6-ից սկսված տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել 4-5 աստիճանով:

Քանի որ օդի հարաբերական խոնավությունը շատ ցածր է, իսկ օդի ջերմաստիճանը՝ շատ բարձր, հետևաբար բույսերից գոլորշիացումը կտրուկ մեծանում է: Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս հետևել ոռոգմանը, որպեսզի բույսերը չջրազրկվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել