Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո», գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

«Այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել վերջերս, պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը», - ուրբաթ ասել է Ալիևը ՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:

Նա հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հրապարակավ հայտարարել էր, որ «Հայաստանը նոր պատերազմի դեպքում նոր տարածքների կստանա», ինչը, Ալիևի կարծիքով, «բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար»: Ալիևը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է մասնակցի բանակցային գործընթացին»:

«Իրականում դա ոչ միայն դեմ էր մեր շահերին, այլ նաև դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն այն էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա վերջ տվեց գրեթե ցանկացած բանակցությանը...Այսպիսով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր, և դա բոլորի համար պարզ էր», - հայտարարել է Ալիևը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել