168.am-ը գրում է.

Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ անգիտակից վիճակում: 168.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

«Վիճակը նույնն է, առանձնապես ոչ մի փոփոխություն չկա։ Ինքնուրույն է շնչում, բայց գիտակցությունը չկա, մեկ-մեկ ջերմությունն է բարձրանում, ու էլի մի քանի խնդիրներ կան․․․»,- ասաց փոխգնդապետի եղբայրը։

Կարեն Մխիթարյանը մեր հարցին ի պատասխան՝ նաև փոխանցեց, թե բժիշկներն ինչ են ասում եղբոր բուժման մասին, հնարավո՞ր է արդյոք արտերկրում շարունակել․

«Այդպիսի տարբերակներ չկան․ էդ էր իր կյանքը, վերջ։ Բժիշկներն իրեն տվեցին Աստծո ձեռքը, ճանապարհեցին տուն․․․»։

Անդրադառնալով Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ ՔՊ ցուցակում հայտնվելու փաստին, փոխգնդապետի եղբայրն ասաց․

«Այդ ի՞նչ օրենք է, որ մարդը դատական պրոցեսի մեջ է ու պատգամավորի թեկնածություն է դրել։ Եթե օրենքը չի գործում, այսպիսի ղեկավար լավ է չունենանք, որ հիմիկվա դրությամբ ունենք։ Պատասխան պետք է տան ընտանիքներով, եթե իմ ընտանիքը մինչև հիմա եղբորս համար այս օրն է ընկել, իրենք իրենց ընտանիքներով պետք է պատասխան տան, նշանակություն չունի, ով ուզում է լինի․․․»։

Համոզվելու համար, որ ՔՊ ցուցակ ընդգրկված և 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Տրդատ Սարգսյանը նույն ինքը Վայոց ձորի նախկին մարզպետն է, 168.am-ը կապ հաստատեց Սարգսյանի հետ, նա էլ հակիրճ պատասխանեց՝ «ես եմ», և այդքանով սահմանափակվեց՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով  ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է: Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, քրեական գործով որպես մեղադրյալ էին ներգրավվել: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Սակայն դեռ նախաքննության ընթացքում չհաստատվեց, որ մարզպետը եղել է դեպքի վայրում: Մինչդեռ միջադեպին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Հիշեցնենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանն ավելի ուշ նշանակվեց կուսակցության աշխատակազմի ղեկավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել