168.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նման ելքը ենթագիտակցորեն ինքն իրենից վանում էր, սակայն գիտակցում էր, որ այն մոդելը, որը մեկ տարի առաջ կիրառվեց Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի ձեռագրով, արվեց հատուկ նպատակով, որպեսզի Նիկոլ Փաշինյանն այնտեղ ունենար իր թեկնածուն, այդ նույն մոդելը կիրառվեց նաև Հայաստանում։

«Մենք վստահ էինք, որ նույն մեթոդները կիրառվելու էին նաև Հայաստանում, ինչի ականատեսը եղանք, և նույն ձեռագրով վերընտրվեցին ներկայիս իշխանությունները։ Հուսով ենք, որ նա մոտակա 5 տարիներին չի լինելու, և արդարությունն ի վերջո կհաղթի, որովհետև մեր գործն ի փրկություն հայրենիքի է, և մենք պայքարում ենք հանուն դրա, այլ ոչ թե՝ ընդդեմ ինչ-որ մեկի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Նա ընդգծեց, որ արդեն երեք տարի է՝ ականատես են լինում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը ազգի հետ, նրանք ջնջում են ազգի դիմագիծը, վերացնում են ազգային բոլոր արժեքները, սովորեցնում են, որ նորմալ է, երբ կինը տղամարդ է, իսկ տղամարդը՝ կին։

«Թվում է, թե այս ամենը սովորական երևույթներ են, սակայն դա մեր նման փոքր ազգերի համար աննորմալ է, մենք ուղղակի այս կերպ, շնորհիվ այս իշխանության՝  կորցնելու ենք մեր ազգի պատկերը։ Այս մարդը մեզ բերեց հասցրեց ահասարսուռ պատերազմի, հանձնեց մեր հայրենիքը, այս ամենը ինչ ասում եմ, չեմ առանձնացնում Արայիկ Հարությունյանին, նա հավասարապես կիսում է  ողջ պատասխանատվությունը։ Նրանց ձեռքերը թաթախված են մեր հազարավոր երեխաների արյան մեջ, իրենք պատասխան են տալու բազմաթիվ խեղված ճակատագրերի համար, և, բնականաբար, սրանով չի ավարտվում Նիկոլ Փաշինյանի նպատակներն ու պլանները, դրա համար ինքը  կյանքի ու մահու կռիվ տվեց, որպեսզի վերընտրվի։ Ցավոք, մեր հասարակության 50 տոկոսը գտնվում է կրթական այնպիսի մակարդակում, որ չի կարողանում տարբերակել, թե ինչ է նշանակում՝ հայրենիքի դավաճան և հանուն հայրենիքի։ Ցավոք, իշխանությունը նորից զավթեց թրքահաճո, ադրբեջանցիների համար աշխատող իշխանությունը»,- հավելեց պատգամավորը։

Ըստ նրա, այն, ինչ կանխատեսում էին 2-3 տարի առաջ Արցախի համար, իրականություն դարձավ, և այն, ինչ կանխատեսում են Հայաստանի համար, փուլերով կատարվում է ՀՀ իշխանությունների ձեռքով։

Նա վստահ է, որ ներկայիս իշխանությունների հաջորդ քայլը սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում պետությունների՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է լինելու, և դրանով Նիկոլ Փաշինյանն իր քայլն անելու է Արցախի հարցում։

«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն Արցախը որպես սուբյեկտ ոչնչացրեց, և վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում ընթացող ընտրություններին Արցախից առաջին անգամ պատգամավորական խումբ չեղավ։ Այսինքն՝ նա իր այս քայլերով փաստում է, որ Արցախի հարցը վաղուց փակել է և Հայաստանի մասով էլ բավարարվում է այն պահանջներով, ինչ ուզում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Նիկոլ Փաշինյանի  կառավարման հաջորդ արդյունքը լինելու է Հայաստանի պետականության կորուստը»,- շեշտեց Մ. Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել