168.am-ը գրում է.

«Ստեղծված իրադրությունում, երբ երկիրը կանգնած է անդունդի եզրին, պատերազմում կրած պարտությունից հետո, անտրամաբանական եմ համարում ընտրությունների արդյունքները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՊՆ, «Հայաստան» դաշինքի անդամ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝  ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվեր և հեռացներ իշխանություններին, որոնք երկիրը տարել են պարտության:

«Ոչ միայն այն պատճառով, որ մինչև պատերազմը ճիշտ չեն կառավարել, և պատերազմ սկսվեց, ոչ միայն այն պատճառով, որ պարտություն կրեցին, այլ, ամենակարևորը՝ նրա համար, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար նոր իշխանություններ են պետք. այս իշխանություններն անընդհատ գտնվելու են թելադրանքի, պարտադրանքի, միջազգային ազդեցության ներքո, և տրամաբանական է, որ նոր իշխանություններ են պետք՝ ավելի ուժեղ, ամուր ձեռք է պետք, որպեսզի մեր երկրի շահերը պաշտպանվեն:

Այս իրավիճակում, տեսնում եք, որ Ադրբեջանը շարունակաբար ուզում է պոկել- առաջ գալ, և իշխանությունները, որոնք պարտվել են, ստիպված են այդ պարտադրանքի տակ գտնվել և ստիպված են տարբեր փաստաթղթեր ստորագրել»,- ասաց նա:

Պաշտպանության նախկին նախարարը նկատեց՝ իր համար ընտրությունների այս արդյունքները թե՛ անակնկալ էին, թե՛ ինչ-որ առումով մեկնաբանելի՝ հաշվի առնելով իշխանությունների վարած ընտրարշավի տրամաբանությունը:

«Սա անակնկալ էր մի կողմից, որովհետև այս իշխանությունները կարողացան ամբողջ պայքարը տեղափոխել սևերի և սպիտակների հարթություն՝ բնակչությանը հայրենասիրական, ռազմահայրենասիրական տրամաբանությունից դուրս տանելով. ասենք, մեզ ձայն տվեք՝ ձեր որդիները չեն ծառայելու, մեզ ձայն տվեք՝ պատերազմ չի լինի, մեզ ձայն տվեք՝ ձեր որդիներն Արցախում այլևս չեն ծառայելու: Այսինքն՝ նկատելի է հայրենասիրական մակարդակի անկում: Նաև՝ որոշակի առումով էլիտաների դեմ, «դասակարգային» պայքարի վերածվեց, և դրա հետևանքն է այն, որ այս իշխանություները կարողացան որոշ չափով գեներացնել այն մարդկանց ձայները, ում համար՝ հայրենիքը, երկիրը՝ մի կողմ, բայց իրենց ստամոքսը՝ մի ուրիշ կողմ:

Ինչ-որ չափով անակնկալ չէր, որովհետև մենք հասկանում էինք, որ իշխանություններն ահռելի ռեսուրս են օգտագործելու, և դրա շրջանակներում է, որ այսօր նշում են՝ ուղղորդված ընտրությունների, շրջիկ խմբերի քվեարկության և այլնի մասին: Միանշանակ է, որ ինչ-որ քանակություն ավել է քվեարկել, որովհետև, կարծում եմ՝ այս չափի, այս տոկոսի կողմնակիցներ այս իշխանությունները չունեին,- ասաց Ս. Օհանյանը, ապա վստահեցրեց,- Եթե հաշվի առնենք վարչական ռեսուրսների կիրառումը, ճնշումները՝ ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ և ընտրություններից հետ, ուղղորդված քվեարկումները, շրջիկ խմբերը, մեր ձեռքբերումները քիչ չեն. մենք ունենք գրեթե նույնքան կողմնակիցներ, որքան իրենք ունեն»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ և՛ իր քաղաքական ուժը, և՛ ինքն անձամբ վերլուծել են ստեղծված իրավիճակը և եկել եզրահանգման, որ պայքարը շարունակելու են, ապա հավելեց՝ դաշինքն իր մոտակա խնդիրը կատարել է.

«Մենք սկսել ենք մինուսային իրավիճակից՝ շուրջ երկու տարի առաջ դատական ուղղորդված նիստերում լինելուց, անընդհատ իրավական ճնշումներից, մեզ վրա ինչ-որ քրեական գործեր հարուցելուց, մինուսային վիճակից հասել ենք զրոյականի, և՝ 20-ի: Դաշինքն իր մոտակա խնդիրը կատարել է. ինչպես նախագահն ասաց՝ առաջին խրամատները վերցված են, պետք է քայլ առ քայլ գնանք առաջ»:

«Հայաստան» դաշինքի անդամը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ պարտված իշխանությունները պետք է փոխվեն, ապա վստահեցրեց, որ իրենք՝ որպես իրական ընդդիմություն, շարունակելու են պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել