News.am-ը գրում է․

Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանը չի մեկնաբանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը:

«Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները եւ զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եւ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- ասաց Այվազյանը՝ ի պատասխան Գրիգորյանի հայտարարությունը մեկնաբանելու NEWS.am-ի խնդրանքին:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Այվազյանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու մեջ:

 «Մայիսի 27-ից հետո կամ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը (Հայաստանի նախկին արտգործնախարար - խմբ.) հրաժարական տվեց, գերիների հարցը արագ լուծվեց: Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք արդեն փոխանցել ենք: Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծել այս հարցը: Նա ոչ միայն ստում էր, այլեւ տորպեդահարում էր: Այվազյանը չէր ցանկանում լուծել Հայաստանի անվտանգության հարցերը: Նա ավելի շատ ուզում էր մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել: Նա լքեց պաշտոնը, պատկերավոր ասած, լինելով մարտի դաշտում: Բացի այդ, նա տորպեդահարում էր խնդիրների լուծման մեր հնարավորությունները: Մի քանի ամիս այս հարցը չէինք կարողանում լուծել: Հենց որ պաշտոնյան հրաժարական տվեց, երկու շաբաթվա ընթացքում, երբ նա չէր մասնակցում բանակցություններին, հարցը լուծվեց»,- ասել էր Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել