Tert.am Լife-ը գրում է.

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նկարահանման աշխարհ մուտք է գործել 17 տարեկանում, բայց առաջին դերը ստացել է 21 տարեկանում։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է հայտնիության ազդեցության և բացասական կողմերի մասին։

Էմմայի խոսքով՝ 17 տարեկանում նկարահանվել է էպիզոդիկ և մասսայական տեսարաններում։

«Այդ ժամանակ դերասանուհի դառնալու մասին չէի էլ մտածում, ուզում էի ռեժիսոր դառնալ։ Իմ առաջին կերպարը մարմնավորել եմ «Սահմանին» հեռուստասերիալում 21 տարեկանում։ Տաթևը զինվորի սիրելին էր, սպասում էր նրա վերադարձին։ Դրանից հետո նկարահանվեցի «Միլիոնը թակարդում» նախագծում, բայց հայտնիություն ձեռք բերեցի «Փրկենք մեր հոգիները» հեռուստասերիալից հետո։ Դա իմ երրորդ կերպարն էր, տարբերվող աղջիկ էր, կարողանում էր իրեն պաշտպանել։ Նման կերպարներ հեռուստասերիալներում քիչ կան, բայց իրական կյանքում շատ են։ Երևի, հենց կերպարն էր պատճառը, որ այդ հեռուստասերիալով ճանաչելի դարձա։ «Փրկենք մեր հոգիները» նախագծից հետո մարդիկ սկսեցին դիտել նաև «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալը ու նկատել, որ այնտեղ էլ եմ նկարահանվել»,- պատմեց նա։

Ըստ դերասանուհու՝ հայտնիություն ձեռք բերելուց հետո ներքին փոփոխություններ չի զգում։ «Մինչև այսօր չեմ կարողանում ընդունել, որ հայտնի մարդ եմ, փողոցում կարող են տեսնել, ճանաչել։ Երբ ինձ նայում են, մտածում եմ՝ գուցե տեսքս այն չէ, հետո հիշում եմ, որ հայտնի եմ։ Այդ փաստի մասին անընդհատ մոռանում եմ, ինձ որպես հայտնի մարդ չեմ ընկալում։ Շատ են ասում՝ ինչ լավ է, որ «աստղայինդ» չի տարել, բայց դա նորմալ է։ Երբ մի քանի անգամ էկրանին երևում ես, քեզ սիրում են, դրանից չպետք է շրջապատիդ հանդեպ վերաբերմունքդ փոխվի։ Ես կողքից կարող եմ գոռոզ թվալ, որովհետև դժվար եմ մտերմանում մարդկանց հետ, բայց այդպիսին չեմ։ Նույնիսկ սկզբնական շրջանում ճանաչելի դառնալու փաստն ինձ չի ստիպել ուրիշներին վերևից նայել»,- ասաց նա։

Էմման ընդգծեց, որ հայտնիությունը բավականին բացասական կողմեր ունի։ «Քեզ պարտավորված ես զգում, որովհետև օրինակ ես ծառայում մյուսներին։ Քեզ հետևում են երեխաներ, երիտասարդներ, կարող են առանց հասկանալու կրկնօրինակել, ինչը լավ չէ։ Պետք է ամեն քայլդ մտածված անես, որպեսզի սխալ ազդեցություն չունենաս նրանց վրա։ Սոցցանցերում էլ քեզ հետևում են, պետք է ուշադիր լինես, որպեսզի մարդիկ չտուժեն»,- նշեց դերասանուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել