Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսևորման համար՝ չնայած բարդ իրավիճակին։

Սա Հայաստանի համար առանցքային պահ է, և մենք հուսով ենք, որ ընտրությունների հստակ արդյունքները նոր դրական էջ կբացեն երկրի համար:

Շատ զգացմունքային արշավից հետո հայ հասարակությունն ամենաշատը կարիք ունի վերականգնել միասնությունն ու համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ավելի լավ ապագա կերտելու համար:

Համավարակի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումների պատճառով Եվրախորհրդարանը չկարողացավ դիտորդներ ուղարկել: Այնուամենայնիվ, ընտրություններին միջազգային դիտորդական առաքելություն են իրականացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ): Մենք ընդգծում ենք, որ առաքելությունը հայտնել է, որ ընտրությունները մրցակցային են եղել և, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված: Ընտրողներին ընձեռվել են լայն տարբերակներ, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները հիմնականում հարգվել են:

Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ընդունել ընտրությունների արդյունքները և զերծ մնալ պառակտիչ հռետորաբանությունից և գործողություններից: Անօրինականությունների վերաբերյալ ցանկացած մեղադրանք չպետք է օգտագործվի լարվածությունը խթանելու համար, այլ անհրաժեշտ է դրանք կարգավորել համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի ներքո:

Մենք ակնկալում ենք աշխատել նորընտիր Ազգային ժողովի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ` ի շահ մեր քաղաքացիների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել