Hraparak.am-ը գրում է.

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տպավորությամբ, իշխող քաղաքական ուժը անհանգիստ է, զգում է, որ Երևանում ընտրությունները տանուլ է տալիս:  

«Իշխանության գործողություններում ես ագոնիա եմ տեսնում», - ասաց նա «Հրապարակի» հետ զրույցում: 

Հրանտ Բագրատյանը 148-րդ ընտրական տեղամասում, որտեղ նա քվեարկել է, ականատես է եղել սկանդալային միջադեպի: «Ես ընտրում էի, բնականաբար, մեզ էի ընտրում, մեկ էլ մի կին, վստահված անձանցից,  գոռաց, թե բա բոլորդ ընտրեք ՔՊ-ին: Հիստերիայի մեջ էր», - պատմեց Բագրատյանը: Հարցին, թե ինչու նրան չտարան ոստիկանություն ընտրատեղամասում քարոզչություն անելու համար, պատասխանեց. «Նայեցի, ոստիկան չկար, ես ուղղակի իրեն ասեցի՝ սսկվի, վեր ընկի տեղդ»: 
Հրանտ Բագրատյանը տեղյակ չէր, թե ինչի համար են քիչ առաւջ բերման ենթարկել իր վստահված անձանցից երկուսին: «Նրանցից մեկը՝ նա Մալաթիայում էր, մինչև հիմա ինքն էլ չգիտի, թե ինչու են իրեն տարել: Չեն կարողանում հստակ բացատրեն, թե ինչի համար են բռնել»: 

Կուսակցության կենտրոնական շտաբի ղեկավար Վահան Գալստյանն էլ հայտնեց, որ «Ազատության» վստահված անձանց բերման են ենթարկել ՔՊ-ականների հետ ինչ-որ կոնֆլիկտի պատճառով: «Մենք իրավաբան ենք ուղարկել, կպարզենք, կհայտնենք», - ասաց նա: 

Հիշեցնենք, որ օրերս երկու անգամ հարձակումներ են եղել «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա, պոկել են պաստառները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել