Դերասանուհի Նոննա Գրիգորյանը հունիսի 18-ին նշում է իր ծննդյան տարեդարձը:
BlogNews. am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմում է իր ծննդյան տարեդարձի, ինչպես նաև ԱՄՆ տեղափոխվելու պատճառների մասին:

Դերասանուհին նշում է, որ իր ամենաստացված ծննդյան տարեդարձներն անցել են թատրոնում՝ բեմում:
«Չեք պատկերացնի, թե որքան հաճելի է անցնում ծննդյան տարեդարձը բեմում, յուրահատուկ ու անկրկնելի է ստացվում միշտ, անմոռանալի ծննդյան օրեր էին»,- հիշում է նա:

Ինչպես բոլորը, այնպես էլ Նոննան, դժվար 2020 թվականից հետո երազում է առողջության ու խաղաղության մասին:
«Տորթի մոմերը փչելիս երազանք եմ պահելու, որ բոլոր այն մարդիկ, ում ես ճանաչում եմ ու նաև չեմ ճանաչում, լինեն առողջ, սիրով շրջապատված, ու վերջապես, անհոգ, խաղաղ կյանք իջնի բոլորիս վրա այս ծանրագույն ժամանակներից հետո»,-ասում է Նոննան:

Խոսելով անակնկալների մասին՝ դերասանուհին դժվարանում է նշել, թե ինչ նվեր է նախընտրում.  «Անակնկալի երևույթն արդեն իսկ հաճելի է: Երբ հարզատներն անակնկալ են մատուցում, արդեն շատ-շատ ուրախանում եմ: Այդ օրն ամեն տարի ամուսինս ծաղիկներ է նվիրում և ինչ-որ գեղեցիկ բան, բայց ինձ համար ամենակարևորն իր սերն է»:

Հիշելով անցած տարիները Նոննան նաև կիսվում է, թե իր բնավորության որ գծերն են փոխվել տարիների ընթացքում. «Ես նկատել եմ, որ տարիների ընթացքում դարձել եմ համբերատար, ինչն ինձ համար շատ զարմանալի է, որովհետև իմ բնավորությամբ համբերատար չեմ՝ վտվտիկ եմ:
Բայց տարիները, իհարկե, իրենց գործն անում են: Հիմա ավելի կշռադատված եմ, քիչ եմ զարմանում, որովհետև կյանքը կոփում է մարդուն: Ուրախ եմ, որ այդ հատկությունն ինձ մոտ փոխվել է, որովհետև համբերությունը կյանք է»: 

34-ամյա դերասանուհին նշում է, որ հոգով միշտ մնում է 21 տարկեան. «21-ն իմ սիրելի տարիքն է, որովհետև երևի դա ամենագունավոր ժամանակն է, երբ ո՛չ շատ մեծ ես, ո՛չ շատ փոքր, անհոգ ես, սավառնում ես: Փորձում եմ միշտ լինել ուրախ, տալ դրական էներգիա: Ընկերներս ասում են՝ դու թարս ես, որովհետև երբ տխուր եմ, մտահոգ եմ, մոռանում եմ բոլորին, իսկ երբ ուրախ եմ, միշտ ընկերներիս հետ եմ ու ցանկանում եմ նրանց հետ կիսել այդ ամենը:
Ես այդպիսին եմ ու որքան էլ անցնի կմնամ նույն Նոննան»:

Դերասանուհին ասում է, որ ծննդյան օրն ինքն իրեն ստուգելու և ամփոփելու  առիթ է համարում. «Բոլորի մաղթանքներից հասկանում ես՝ ով ես դու ընդհանրապես, ով ես դու իրենց համար, ինչն են քո մեջ գնահատում, և ինչը կցանկանաս քո մեջ փոխել»:

Նշենք, որ Նոննան ամուսնու և դստեր հետ տեղափոխվել է ԱՄՆ: Խոսելով այդ մասին Նոննան պատմում է Հայաստանից հեռանալու իրական պատճառների մասին. «Այժմ բնակվում ենք ԱՄՆ-ում: Շատ հապճեպ ստացվեց տեղափոխվելը, ամուսինս աշխատանքային հրավեր ստացավ այստեղ գտնվող պարային խմբից: Մենք նրա հետ միասին եկանք, որովհետև դժվար կլիներ դիմանալ հեռավոությանը: Մոտ ապագայում կրկին կլինենք մեր հայրենիքում»:

Չնայած որ Նոննան այս շրջանում ֆիզիկապես Հայստանում չի, բայց մտովի իր թատրոնի հետ է: Լինելով ԱՄՆ ում՝ նա ֆիլմերի կրկնօրինակումներ է կատարում հայկական հեռուստաալիքների համար: 

Եզրափակելով իր խոսքը՝ Նոննան խոստովանում է, թե ինչ է մաղթում ինքն իրեն. «Ցանկանում եմ ինքս ինձ միշտ ուրախ, անհոգ, սիրված, երջանիկ, առողջ տեսնել: Փառք Աստծո, այս ամենը ես ունեմ, ու ցանկանում եմ այդ  բոլորը երբեք չկորցնել: Վերջին տարին մեզ ցույց տվեց, որ առողջությունից ու խաղաղությունից ավելի թանկ բան չկա»:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել