168.am-ը գրում է․

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն իրենց նախընտրական ծրագրում անդրադարձել են նաև բնապահպանությանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, օրինակ, նշում է՝ անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:

Կարևորում են նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:

«Պատիվ ունեմ» դաշինքը կարևորել է Սևանի հիմնահարցի լուծումը, որն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ։ Ինչպես նաև ափամերձ տարածքների աղտոտված կենսազանգվածներից և սևահողերից ազատվելը, անտառապատման և անտառների պահպանության աշխատանքներ իրականացնելը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդգծել է՝ կատարելագործելու են ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ, ներդնելու են ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ, շարունակելու են Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանմանը, վերականգնմանը, վերարտադրմանը, բնականոն զարգացմանը և խելամիտ օգտագործմանը, աղտոտվածության նվազեցմանը և ապա` լճի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները: Վերանայելու են բնապահպանական հարկի դրույքաչափերը, որի հաշվարկման հիմքում ընկած է լինելու շրջակա միջավայրին և դրա առանձին բաղադրիչներին հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունքը:

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը խոսել է Որոտան-Արփա ջրատարի գործարկման, փոքր ու միջին ջրատարողությամբ ջրամբարների կառուցման ծրագրի, Հայաստանը ջուր արտահանող կարևոր երկիր դարձնելու, կենդանական աշխարհի կենսաբազմազանության ապահովման, պոչամբարների զտման մասին:

 «Հայաստան» դաշինքն էլ հայտնել է, որ օտար և ապազգային ուժերի ներթափանցումն ու ազդեցությունները կանխելու, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, բնապահպանական, էներգետիկ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կիբերհանցագործությունների դեմ համակարգված պայքարի նպատակով, արդիականացնելու են երկրի անվտանգության պետական համակարգը (զինված ուժեր, անվտանգության խորհուրդ, քաղաքացիական պաշտպանության և իրավապահ համակարգեր):

Գործադրվելու է արտաքին պարտքի դիմաց բնապահպանական և կայուն զարգացման ներդրումներ իրականացնելու ծրագիր: Ռազմավարական համարելով Արարատյան դաշտի ջրային պաշարների առաջանցիկ վերականգնումը, բացառելու են ստորերկյա ջրավազանի գերշահագործումն ու հյուծումը: Ընդլայնվելու են Հայաստանի անտառային տարածքները։

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունն էլ նշել է, որ դեմ են մետաղական նոր հանքերի շահագործմանը:

Առնվազն 65%-ով պետք է կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ջրերի ծախսը։

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ առաջին հերթին պետք է կարևորել էկոլոգիական կրթությունը.

«Բնակչության մտածելակերպը պետք է փոխվի, որովհետև այն մոտեցումը, որ մենք ունենք, այս մի կտոր հողն էլ մեզ համար շատ է: Սա էլ կոչնչացնենք ու կվերանանք: Կարևոր է նաև նոր մետաղական հանքերի շահագործումը թույլ չտալը, որովհետև մեզ մոտ այնպես ենք շահագործում, որ տվյալ տարածքը միայն վնասակար տարածք է դառնում ամեն տեսանկյունից, ու մենք կամաց-կամաց Հայաստանը վերածում ենք մի մեծ հանքահորի: Երբեք չեմ ուզենա, որ հանքարդյունաբերությունն այսպես շարունակվի: Այն տարածքները, որոնք արդեն լքված են, պետք է նայել՝ որևէ կերպ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:

Ինչ վերաբերում է ջուրն արտահանելուն՝ բնապահպանը նկատեց.

«Եթե լավ օգտագործենք, իրոք, մենք բարձրության վրա ենք, ջուրն այստեղ առաջանում է և, եթե կարողանանք խնայողաբար օգտագործել, կարտահանենք: Դժվար խնդիր է, բայց լուծելի»:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում խնդիրներ կան՝ սկսած գյուղատնտեսությունից, իսկ հիմնականը, իհարկե, հանքարդյունաբերությունն է, որն ուղղակի վերացնում է Հայաստանը:

«Շատ կարևոր է նաև կրթությունը, բայց միայն դա չէ: Լրագրողների աշխատանքը՝ ռադիոյում, հեռուստատեսությունում, թերթերում, միշտ պետք է լինի: Իսկ մեզ մոտ գիտե՞ք՝ ինչպես է. պետք է անպայման մի վթար լինի, որ նոր այդ խնդրին անդրադառնանք, սկսենք մտածել, բայց դա այդպես չէ: Ընդհանուր մոտեցումը պետք է փոխվի: Կարևոր է ընդհանուր մտածելակերպը՝ սկսած շարքային քաղաքացուց, վերջացրած կառավարման վերին օղակում գտնվող անձից: Գիտեք, 12-ամյա է դպրոցը, այդ ուղղվածությունը միշտ պետք է լինի: Ենթադրենք՝ ֆիզիկայի դաս է, որևէ խնդիր են լուծում, այդ խնդրի ուղղվածության մեջ կարելի է գաղափարն ինչ-որ կերպ արտացոլել»,- նշեց բնապահպանը:

Ինչ վերաբերում է Սևանի խնդրին, ապա Կարինե Դանիելյանը նշեց.

«Սևանից կախված է Հայաստանի գոյության հարցը: Կախված նրանից՝ Սևանն ինչպիսին կլինի, այդպիսին կլինի Հայաստանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել