Պարոնայք սպաներ, ենթասպաներ,
Պատիվ ունեմ դիմելու ձեզ:
Վստահաբար կարող եմ ասել, որ ձեզանից լավ, ոչ ոք չի պատկերացնում հունիսի 20-ի դերն ու նշանակությունը մեր պետության համար: Այդ օրը, թող չափազանցություն չհնչի, պատմական կարևորություն ունեցող օր է: Այդ օրվա ընտրություններից է կախված լինելու մի ողջ ժողովրդի, նրա անվտանգության, նրա զարգացման ու կայունության հեռանկարները:
Ձեզանից յուրաքանչյուրն, առավել քան լավ է գիտակցում, թե որքան կարևոր է ունենալ պատասխանատու, փորձառու և պատվախնդիր քաղաքական իշխանություն:
Կարծում եմ, որ 2018թ-ին, փողոցից դեպի երկրի քաղաքական իշխանություն մագլցած բախտախնդիր կապիտուլյանտների հետ ձեզանից շատերն էլ էին փխրուն հույսեր կապում: Բայց ավաղ, ունեցանք այն, ինչ ունենք այսօր:
Նրանք եկան Բանակը էլ ավելի “ուժեղացնելու” գոչյուններով, բայց ավիրեցին նաև Բանակը: Նրանք եկան Բանակի “ոգին բարձրացնելու” ճիչերով, բայց նսեմացրեցին ու խայտառակ պարտության տարան, իրենց ապաշնորհ ու դավադիր գործողություններով:
Նրանք եկան պետությունն ավելի “արդար, ապահով, երջանիկ և հզոր” դարձնելու բարձր հայտարարություններով, բայց այսօր մենք կանգնել ենք պառակտված հասարակության, հազարավոր զոհված և անհայտ կորած ընկերների, գլխիկոր ապագայի և ընդհանրապես պետություն կորցնելու վտանգի առջև:
Նրանք օգտագործեցին մեր ժողովրդի ազնիվ էմոցիաները հանուն իրենց քաղաքական շահերի, և արդյունքում քայքայեցին, կազմաքանդեցին Արաքսի հովիտից մինչև Մռավի բարձունքները վերասկող և Հային անվտանգ կյանք տվող մեր Ազգային Բանակը: Նրանք եկան ավելի “ինքնուրույն և անկախ” պետություն կերտելու խոստումներով, բայց արդյունքում կորցրեցինք մեր երկրի ու բանակի միջազգային հեղինակությունը, անկախության աստիճանն ու պատիվը:
Պարոնայք սպաներ,
Ձեզ ավելորդ կոչեր չեմ ցանկանում անել: Միայն ցանկանում եմ մաղթել, որ հունիսի 20-ից հետո, ձեզ հետ միասին և ձեր օգնությամբ սկսվի Արցախի, Հայաստանի և նրա գոյաբանական հիմքը հանդիսացող Ազգային Բանակի նոր ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ:
Հավերժ փառք և հիշատակ մեր Բանակի շարքերում մարտնչած և նահատակված բոլոր հայորդիներին:
Փառք ու պատիվ հայոց Բանակի սպաներին և զինվորներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել