Armeniasputnik.am-ը գրում է.

Ազգային ժողովն այս շաբաթվա հերթական քառօրյա նիստերում ի թիվս այլ օրենսդրական նախագծերի պետք է հաստատեր նաև 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Բայց շուրջ 1 ամիս խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ներկայացվելուց ու քննարկվելուց հետո անցյալ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այդպես էլ հաստատման չարժանացավ։

Պատճառը մեկն է` ԱԺ–ի նիստերը 3 օր շարունակ տեղի չունեցան քվորումի բացակայության պատճառով։ Այլ կերպ ասած` պատգամավորները 3 օր շարունակ ԱԺ գալու ժամանակ չգտան։

Խոսքն, իհարկե, ոչ բոլորի մասի է։ Հանուն ճշմարտության նշենք, որ նրանցից 1-2 տասնյակն, այնուամենայնիվ, այդ նիստերին ներկայանում էր, բայց քվորում ապահովելու համար այդ թիվը բավարար չէր։

Ֆինանսների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ սա եզակի դեպք է։ Սա առաջին անգամն է, երբ խորհրդարանը բյուջեի կատարողականը չի հաստատում։

«Ֆինանսների նախարարությունը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացրել է խորհրդարան։ Այն քննարկվել է հանձնաժողովներում, ապա ներառվել հերթական նիստերի օրակարգ»,– հայտնեցին նախարարությունից։

Այսինքն` բյուջեի կատարողականի հետագա ճակատագրի միակ պատասխանատուն այս դեպքում մնում է Ազգային ժողովը։

Ի դեպ, ԱԺ Կանոնակարգ օրենքի 118 հոդվածի 4-րդ կետի համաձայն` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մասին որոշման ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված, իսկ չընդունման դեպքում՝ մերժված:

Պարզ ասած` բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չընդունելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում։

Հիշեցնենք` 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կռավարությունը հաստատել էր դեռ շուրջ 2 ամիս առաջ` ապրիլի 22-ին։ Հունիսի 1-ից այն քննարկման դրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Իսկ հունիսի 15-ից արդեն պիտի ներառվեր ԱԺ հերթական նիստերի օրակարգ։

Բայց հենց հունիսի 14-ին ԱԺ խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեր հունիսի 15-17-ի նիստերի օրակարգը, որի հարցերից մեկն է 2020թ–ի բյուջեի կատարողականն էր, չկայացավ` քվորումի բացակայության պատճառով։ Հետո, իհարկե, ԱԺ խորհուրդը շտկեց սխալը` օրվա ընթացքում երկրորդ նիստը գումարելով ւ հաստատելով օրակարգը։

Բյուջեն այդպես էլ խորհրդարանի հստատմանը չարժանացավ։ Հունիսի 15-17–ին խորհրդարանում այդպես էլ անհրաժեշտ նվազագույն թվով պատգամավորներ չհավաքվեցին։

Այսպես. 15-ի առավոտյան նիստին ներկա էր ընդամենը 12, իսկ 4 ժամ անց` 24 պատգամավոր, հունիսի 16-ին` նախ` 10, 4 ժամ անց` 17 պատգամավոր, իսկ այսօր` հւնիսի 17-ին` նախ` 7, ապա` 20 պատգամավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել