168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հանդիպում է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ, որին հաջորդել է հանդիպումը անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանությանը չհաջողվեց Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ ապահովել բավարար քանակի մարդ, այդ պատճառով էլ ավտոբուսներով «շրջիկ համակիրների» էին իրենց հետ տանում մարզեր, ուստի, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հավաքել է ՔՊ վարչության անդամներին և հանձնարարել՝ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին ամեն գնով ապահովել մեծ թվով մարդկանց ներկայություն:

168.am–ի տեղեկություններով, Շիրակի և Լոռու մարզերի դպրոցների, մանկապարտեզների, բուժհաստատությունների, համայնքապետերի ղեկավարներին այսօր առավոտյան մազպետարաններից կանչել են ու հանձնարարել, որպեսզի ավտոբուսներով, գազելներով հնարավորինս շատ մեծ թվով մարդ ապահովեն երեկոյան սպասվող հանրահավաքին։

Նշենք, որ Լոռու մարզպետը իշխանական նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանն է, իսկ Շիրակի մարզպետը՝ Հովհաննես Հարությունյանն է։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ներկաներից մեկը մեր լրագրողին պատմել էր, որ Փաշինյանի այցից երկու օր առաջ իրենց հիմնարկում ասվել է, որ ովքեր հերթապահ չեն, պետք է ներկա լինեն Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Հասկանալի պատճառներով մենք այդ անձի անունը չենք գրում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչների թեթև ձեռքով այդ աշխատակիցը կարող է դառնալ գործազուրկ։

Այսօր չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը անհետ կորած զինվորների ծնողների հետ ևս հանդիպել է այն նպատակով, որպեսզի նրանց ևս ներգրավի այսօրվա իր հանրահավաքում, ցույց տալու համար, որ վերջիններս սատարում են իրեն։

Հիշեցնենք մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը, որի առջևից՝ իր հետ միասին, քայլում էին անհայտ կորած զինվորներից մի քանիսի ծնողները, որոնք, այսպես ասած, ընկել էին Նիկոլ Փաշինյանի լարած թակարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել