Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմավարական կայունության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Ստորև ներկայացվում է համատեղ հայտարարությունն ամբողջությամբ.

«Մենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նշում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության ժամանակ նրանք կարող են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի նվազեցման և միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման համատեղ նպատակների իրականացման գործում:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վերջին երկարաձգումը վկայում է միջուկային սպառազինությունների վերահսկման մեր հանձնառության մասին։ Այսօր մենք վերահաստատում ենք հավատարմությունը այն սկզբունքին, ըստ որի միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի։

Այդ նպատակներին հասնելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ ժամանակներս համատեղ երկկողմ երկխոսություն կսկսեն ռազմավարական կայունության շուրջ, որը կլինի առարկայական եւ եռանդուն: Նման երկխոսության միջոցով մենք ձգտում ենք հիմք դնել սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության և ռիսկերի նվազեցման միջոցառումների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել