168.am-ը գրում է.

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Էրդողանի Շուշի կատարած այցի ժամանակ Շուշիում հունիսի 15-ին ստորագրել են, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»։ Այն ստորագրելուց հետո, Ալիևը հայտարարել է․ «Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում»։

Այս այցի ընթացքում Ալիևը Շուշիից Էրդողանին ցույց է տվել հեռվում երևացող Ստեփանակերտը՝ ասելով, որ այնտեղ նույնպես հյուրանոց կկառուցեն։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրաապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ այցը զարմանալի չէր։

«Մենք միշտ ասել ենք, որ ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի, մենք ունենք «ամենաազնիվ» թշնամին, որը երբեք իր նպատակները չի թաքցրել։ Այսինքն՝ պարզ է, որ Շուշին նրանց համար դարձել է հենակետ, մի վայր, որտեղից նրանք փորձելու են էքսպանսիան շարունակել։ Նրանք մեզ շարունակում են համարել ամենակարևոր թշնամին, սա փաստ է։ Մենք երբեմն այսպիսի բաներ կարող ենք լսել, թե՝ բարեկամանանք, տեսականը մեկ բան է, պրակտիկան մեկ այլ բան։ Իսկ ինքն ի՞նչ է ուզում մեզանից, այս հարցին կարո՞ղ են պատասխանել, եթե ոչ, ապա պետք է հետևել նրանց հայտարարություններին, ուսումնասիրել նրանց քայլերը, ամեն ինչ այնտեղ գրված է։ Էրդողանի այցը Շուշի մարտահրավեր է մեզ, քաղաքակիրթ աշխարհին և մարտահրավեր է մի շարք երկրների, որոնք այս տարածաշրջանում ունեն մի շարք կենսական շահեր, որոնք նույնպես Թուրքիայի կողմից թիրախավորվելու են»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի մասին Ալիևի հայտարարությանը, ապա Դավիթ Բաբայանն ասաց.

«Նրանց հաջորդ նպատակը ոչ միայն Ստեփանակերտն է, այլև՝ ամբողջ Արցախը, Երևանը, նրանք միայն Ստեփանակերտով չեն բավարարվելու։

Մենք ունենք այն, ինչ ունենք, նրանց ծավալապաշտական նպատակները, ծրագրերն ամենևին չեն փոխվել և չպետք է ջայլամի բարդույթով տառապել ու չտեսնել շատ վառ երևացող զարգացումները»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ փաստորեն Էրդողանն ու Ալիևը վարում են հակառուսական քաղաքականություն, և չպետք է նայել նրանց հռետորաբանությանը, նրանք պարզապես հայկական կողմից շատ ավելի լավ են աշխատում՝ համակարգված, ունեն դիվանագիտության փորձ։

«Նրանք չունեն այնպիսի մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից իրենց չեն դիտարկում որպես լավագույն դիվանագետներ, կարծիքներ չեն հայտնում։ Այսինքն՝ մեզ մոտ հիմա ամեն մեկն իրեն դրել է ամենաուժեղ դիվանագետի, մարշալի, զորավարի տեղը, դրա համար այս վիճակում ենք։ Այն, ինչ անում է Էրդողանը՝ ուղղված է հավասարապես թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի դեմ»։

Հարցին՝ այս ամենին ի պատասխան՝ ի՞նչ է անում հայկական կողմը, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ իրավիճակն իսկապես շատ բարդ է, սակայն հնարավոր է  ոտքի կանգնել, «եթե»-ներն են շատ։

«Եթե մենք դարձի գանք, վերանայենք մեր արժեհամակարգը, գոնե այդ եթե-ներից մի քանիսը կարողանանք իրականացնել, ուրեմն՝ կկարողանանք դիմակայել նաև այդ մարտահրավերներին, իսկ այդ մարտահրավերները շատ պարզ են ու հստակ։ Այսինքն՝ որևէ մեկը չի քողարկում։ Նույնիսկ այդ իրավիճակում մենք ի վիճակի կլինենք ոտքի կանգնել։ Պարզապես մեզանից է կախված, մեր բարոյահոգեբանական կեցվածքից, հայրենասիրությունից, ամեն ինչի կարելի է  դիմակայել։ Ժողովուրդներ են եղել, որոնք շատ ավելի վատ վիճակում են եղել, բայց ապաքինվել են և հասել են իրենց նպատակին։ Ամեն ինչ կախված է  մեզանից»,- եզրափակեց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել