Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ)` 14 պացիենտ ( 13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 2 պացիենտ, ովքեր գտնվում են տանը՝ հիվանդության թեթև ընթացքով:

Պացիենտներն ընդունվել են «Մարտունի» ԲԿ «օբստրուկտիվ բրոնխիտ» և «բրոնխոպնևմոնիա» ախտորոշմամբ, սակայն  վերջիններիս մոտ սկսվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, ինչը վկայում է ներհիվանդանոցային վարակի արձանագրման մասին։

Հունիսի 16-ի դրությամբ` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ընդունված 14 պացիենտից 3-ը դուրս է գրվել, 11-ը` հիվանդանուցում է:

«Մարտունի» ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են ջրի նմուշներ, լվացուկներ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ, ինչպես նաև բուժանձնակազմից նմուշներ՝ ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ։ Մանրէակրության վերաբերյալ նմուշառվել են նաև բաժանմունքում բուժում ստացող երեխաներ և խնամակալ:

Հետազոտությունների արդյունքում` պացիենտների մոտ հայտնաբերվել է Կլոստրիդիում Դիֆիցիլէի տոքսին և հարուցչի հակածին, իսկ աղիքային վիրուսային վարակների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում` «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնում հայտնաբերվել են նաև Norovirus-ներ:

Ներհիվանդանոցային վարակի արձանագրման կապակցությամբ բժշկական կենտրոնում իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև վարակի հսկողության գործընթացների ներդրման  ուսումնասիրություն:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հավանական փոխանցման մեխանիզմը կոնտակտային է, քանի որ ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո,
  • բժշկական կազմակերպություններին բարձրացնել զգոնությունը ԲԿ-ներում շրջակա միջավայրի ախտահանման, անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման, ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ,
  •  ձեռքերը լվանալ հոսող ջրով և օճառով հիվանդի հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո, բուժհիմնարկում  համակարգչային ստեղնաշարի օգտագործումից առաջ և հետո, սնունդ պատրաստելուց և բաժանելուց առաջ, սնվելուց առաջ, դեղորայք բաժանելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո, բոլոր այն դեպքերում, երբ ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են, ձեռնոցներ հագնելուց առաջ և հանելուց հետո,
  • սննդամթերքն (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,
  • պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,
  • ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել