168.am-ը գրում է․

Երեկ երեկոյան համացանցում հրապարակվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Գասպարյանն ասում է, որ հանուն պետության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ արդեն չի տիրապետում իր հոգեկան վիճակին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խոսելով հրապարակված ձայնագրության բովանդակության մասին, շեշտեց, որ իրենք դեռևս 2020 թվականի հունիսին են ասել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ նրա մնալու դեպքում երկիրը կանգնելու է աղետի առջև, ինչին, ցավոք, ականատես եղանք։

«Որքան էլ Փաշինյանի թիմակիցները ամպագոռգոռ բաներ ասեն, միևնույն է, այդ թիմի 70-80 տոկոսը գիտակցում է, որ իրենք պետությունը կործանել են»,- ասաց Աբովյանը՝ շեշտելով, որ թեև հրապարակված ձայնագրությունը կոմպրոմատների պատերազմի տիրույթում է տեղավորվում, սակայն միանշանակ է, որ այն Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի վարկանիշի վրա որևէ կերպ չի կարող ազդել։

«Եթե նրա ընտրազանգվածը կրկնում է, որ Շուշին ադրբեջանական է, հարց է առաջանում, թե էլ ի՞նչ պետք է լինի, որ այդ մարդկանց վրա ազդի»,- ասաց Արման Աբովյանը։

Ամփոփելով քարոզարշավի 7-րդ օրը՝ Աբովյանը շեշտեց, որ ձևավորվել է հստակ պրոիշխանական և հակափաշինյանական բևեռ, որոնց միջև էլ ընթանում է թեժ ընտրապայքար, որի ավարտին, ըստ Աբովյանի, իրենց քաղաքական ուժն է լինելու հաղթող, որովհետև ընտրապայքարի մեջ հաղթելու համար են մտել։

«Քանի որ մենք գնում ենք դեպի հաղթանակ, ուստի չենք մտածում կոալիցիաներ կազմելու մասին, թող մյուս ուժերը մտածեն, թե ինչպես են մեզ միանալու, եթե իրենց համար կոալիցիա ձևավորելու հարց առաջանալ։ Իսկ եթե նման հարց առաջանա, ապա իսպառ բացառում ենք Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ կոալիցիայի ձևավորումը,- ասաց Աբովյանը՝ ի պատասխան իրենց ընդդիմախոսների կասկածների, հիշեցնելով,- Ցավում եմ, որ մարդկանց մոտ ընտրովի հիշողություն է։ Փորձում են խոսել այն մասին, ինչն իրենց ձեռնտու է, ու այդ համատեքստում են հիշեցնում 2018 թվականին կնքված հուշագիրը։ Այո՛, միշտ մեզ համար ամենակարևորը եղել է ժողովրդի կարծիքը, սակայն պետք է հիշել, որ այդ հուշագրից հետո մենք վերադարձել ենք ռադիկալ ընդդիմության դաշտ, 2020 թվականին արդեն պահանջում էինք կառավարության 97 տոկոսի փոփոխությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ամենակատաղի ընդդիմախոսները լավ էլ հանդիպում ու պաչ-պռոշտի էին անում նրա հետ, այսօրվա էդ ուժեղ ընդդիմադիրները։ 2020 թվականին, երբ Փաշինյանի հրաժարականը պահանջեցինք, հարց է առաջանում, թե ո՞ւր էին այսօրվա ուժեղ ընդդիմադիրները, որոնք այսօր մեզ քննադատում են»,- ասաց Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել