168.am-ը գրում է․

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ եթե 2018թ․ Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ Շուշին արդեն օկուպացված էր, ինչո՞ւ այդ մասին հանրությանը տեղյակ չի պահել, ինչո՞ւ իրենց չի ասել, որ Շուշին օկուպացված է։

«Բա որ պատերազմը սկսվեց, ինչո՞ւ այդ ժամանակ չկանգնեց ու չասաց՝ ժողովուրդ, Շուշին օկուպացված է, որ մարդիկ ժամանակին տարհանվեին, որ իրենց տներից մի հիշողություն, մի սրբություն վերցնեին։ Բա որ օկուպացված էր, ինչո՞ւ որևէ մեկս տեղյակ չենք եղել, ուրեմն՝ ինքը տեղյակ է եղել, ու այդ մասին դիտավորյալ որևէ բան չի ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի հարցը ստացել են մի վիճակում, որտեղ Շուշին օկուպացված վիճակում էր։

Նա շեշտեց՝ նախկինում Արցախի մեծ մասը հանձնելու մասին որևէ խոսք չի եղել, բանակցային գործընթացի հետ կապված խոսում էին, որ Արցախից որոշակի տարածքներ տալու են կարգավիճակի դիմաց, բայց Շուշիի մասին խոսք չի եղել։

«Մեզ ասում էին՝ մենք դուխով ենք, ուժեղ ենք, բայց եկան՝ ապացուցեցին, թե ովքեր են ու ինչ արեցին։ Շուշին ոչ թե օկուպացված էր, այլ ազատ ամեն օր զարգանում ու ծաղկում էր։ Քաղաքը վերակառուցվում էր, ասֆալտապատվում էր, ջրի հարցն էինք լուծում, ջրամբար էինք սարքում, որ ֆիլտրման կայանի հետ պետք է արդեն գործեր՝ Ամանորի նախաշեմին պետք է գործեր։ Այսպես շատ հանգիստ Շուշին մտնում էր իր ուրույն առօրյայի մեջ։ Եթե իսկապես օկուպացված էր, բա այդ ամենն ինչպե՞ս էինք անում, կամ ինչո՞ւ էինք անում»,- հավելեց նա։

Արծվիկ Սարգսյանի բնորոշմամբ՝ այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է հատուկ նպատակով՝ Շուշիի անկման իր պատասխանատվությունը նախկինների վրա բարդելու համար։

«Նա այդ հայտարարությունն արել է ինքն իր փրկության համար, երևի նման բան է անում, որպեսզի իրեն չմեղադրեն, չասեն՝ Շուշին ծախել ես։ Թե չէ՝ ինչպե՞ս կարող էինք իմանալ, որ Շուշին օկուպացված է, մենք էլ Շուշին սարքեինք։ Շուշիի համար ինչ անում էինք, հպարտորեն, տեղը տեղին էինք անում։ Կրկնում եմ՝  այդ հայտարարությունն արել է իր փրկության, Շուշին հանձնելու մեղքի տակից դուրս գալու համար»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, մարզկենտրոն Իջևանում անդրադարձել էր Արցախի 44-օրյա պատերազմի սկսվելու պատճառներին։

Ըստ նրա, Ադրբեջանը պատերազմը սկսել է այն պահին, որ ևս մի քանի տարի սպասելով՝ նա այլևս չէր կարող հասնել ցանկալի արդյունքի։

«Ի տարբերություն նախկինի, երբ Հայաստանը թուլանում էր, Ադրբեջանն ուժեղանում էր, Հայաստանը 2018 թվականին մեծ տեմպերով զարգանում է։ Այսօր մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ, բայց մենք Հայաստանը և Արցախի հարցի բանակցային գործընթացը ստացել ենք մի վիճակում, երբ դա շատ նման է մի օրգանիզմի, որը երկար տարիներ կաթիլ-կաթիլ թունավորվել է, հյուծվել է, թունավորվել է և, ի վերջո, մահամերձ վիճակում հայտնվել է մեր գրկում։ Բայց հիմա ասում են՝ տեսեք, մենք հարցը բերեցինք հասցրեցինք, նաև՝ բանակի մասին են ասում, թե բերեցինք հասցրեցինք, բայց իրենց գրկում այդ օրգանիզմի հետ տեղի ունեցավ աղետ։

Իսկ ինչպիսի վիճակում ենք մենք ստացել Ղարաբաղի հարցը. երբ Ղարաբաղը դուրս էր գցված, դուրս է մղված եղել բանակցային գործընթացից։ Երբ Հայաստանը Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան խարտիայով ճանաչել է Ղարաբաղի հարցի կարգավորման այն եղանակը, որը պիտի տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում։ Ստացել ենք մի վիճակում, երբ Մեղրին, Ղազախը, Ղազախի շրջանները, Շուշին՝ առանձնացված Լեռնային Ղարաբաղից  և դրված Լաչինի, և իրենց ասածով՝ օկուպացված տարածքների շարքում։ Ստացել ենք մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ 7 շրջանները վերադարձնում եմ քեզ, Ադրբեջան, իսկ Ադրբեջանն ասում էր՝ ոչ։ Այդ մարդիկ, որ մեզ մեղադրում են, թե մենք լավ չենք հասկացել Արցախի հարցի էությունը կամ բանակցային գործընթացի բովանդակությունը, այդ իրենք չեն հասկացել, որովհետև իրենք հույս ունեին, որ այդ ձայնագրությունը կհրապարակեն, և հայ հանրությունը պայթեց, կպայթի»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել