168.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահն ու Ալիևը  հունիսի 15-16-ն այցելելու են Շուշի։ Ադրբեջանի  օկուպացրած Շուշիում  օրեր շարունակ նախապատրաստվում են Էրդողանի այցին, որի մասին հայտարարվել էր մոտավորապես մեկ ամիս առաջ։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն Էրդողանի այցին ընդառաջ արդեն Շուշիում է, անգամ հասցրել է լուսանկարվել ու տարածել այն։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով Էրդողանի Շուշի կատարելիք այցին, պարզաբանեց, որ այն պաշտոնական այց չէ, պարզապես Ադրբեջանին տված ռազմական աջակցությունից հետո Էրդողանի  ուժի ցուցադրության մի տարբերակ է տարածաշրջանում։

«Սա պարզապես այցելություն չէ։  Սրանով Էրդողանն ի՞նչ հարց է լուծում, որ տարածաշրջանում Թուրքիան կա, սա ուղղված է  թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին։ Ներկայում Թուրքիայում իշխանությունն ունի լրջագույն խնդիրներ, տնտեսության, արտաքին ու ներքին քաղաքականության մեջ բավականին խորդուբորդ գործընթացներ կան, և այս համատեքստում, օրինակ, Արցախի պատերազմում Ադրբեջանի ու Թուրքիայի հաղթանակն Էրդողանի վարկանիշն էականորեն բարելավել էր։ Չնայած հարկ է նաև նկատել, որ այդ հաղթանակի էյֆորիան անցնելուց հետո մարդիկ կրկին հասկացան, որ ունեն խնդիրներ, և իրենց բարեկեցությունն անկում է ապրել, որի արդյունքում Էրդողանի վարկանիշը կրկին նվազեց։ Հիմա այս այցն այդ ամենի համատեքստում է կատարվում, ուժի ցուցադրում է, ինչպես, օրինակ, Ալիևն էր «ռազմավարի պուրակ» բացում։ Էրդողանն այցելում է Շուշի՝  ցույց տալու, որ Շուշին իրենք են գրավել, այսինքն՝ իրենց աջակցությամբ։ Սա նաև տարածաշրջանում ու Ադրբեջանում Թուրքիայի վարկանիշն ավելացնելու նպատակով է արվում»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան Շուշին ներկայացնում է՝ որպես իրենց ձեռքբերում, որ իրենց օգնությամբ է Ադրբեջանը կարողացել այն գրավել, ինչն իրենց համար մեծ պատիվ է, որովհետև կարողացան դա անել։

«Շուշին կետ է Անդրկովկասում, այս տարածաշրջանում, որտեղ Թուրքիան փորձում է  այդ կետի միջոցով ինքնահաստատվել։ Էրդողանի Շուշի կատարելիք այցի գլխավոր նպատակը մարտահրավերն է՝ ուղղված գլխավորապես Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին։ Սա սիմվոլիկա է, կարող էր լինել Շուշի կամ այլ քաղաք, սակայն նպատակը հստակ է»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը։

Ըստ թուրքագետի՝ հայկական կողմի համար անվտանգային խնդիրները շատանում են, որին գումարվում է նաև Արցախի սրտում թուրքական գործոնի առկայությունը։ Այդ խնդիրները լրջորեն շատանում են ոչ միայն՝ ֆիզիկական անվտանգության, այլ նաև՝ հոգեբանական ճնշման մեծացման առումով։

«Ճիշտ է, հեռանկարն այս պահին այնպես չէ, որ Արցախում հիմնականում ամրապնդվում են թուրքերը, սակայն հոգեբանական ճնշման տեսանկյունից  այս ամենը կարող է խնդրահարույց լինել արցախահայության համար»,- ընդգծեց Անդրանիկ Իսպիրյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ «Գորշ գայլերի» դպրոց Շուշիում չի բացվելու, գործընթացը չեղարկվել է, այսինքն՝  այն չի կառուցվի «Գորշ գայլերի» մասնակցությամբ, քանի որ վերջինները հայտնել են, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում նման գործընթացի իրականացումը։ Այդուհանդերձ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ դպրոցը կառուցվելու է՝ առանց «Գորշ գայլերի» մասնակցության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել