168.am-ը գրում է․

«Երեկ հայ հանրությունն ուրախություն էր ապրում՝ կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ, և երեկ ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր՝ էլի կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ,- Եղվարդում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով,- Շատ տարօրինակ իրադրություն է ստեղծվել․ փաստորեն, այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամ ցանկանում էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու, ու հիմա էլ՝ սուգ ու շիվան են դրել, թե՝ բա մեր քարտեզները տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել և այլն։ Ժողովուրդ ջան, ես երեկ հայտարարեցի, այո՛, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան ունենք՝ բոլորը վերադարձվել են»։

Ամփոփելով՝ նա նշել է, որ «տասնհինգ ընտանիք վերագտել է իրեն», ինչը շատ կարևոր է, քանի որ հույս է մյուս ընտանիքների համար, որովհետև խոսքը ոչ թե ուղղակի 15 գերերվարված զինծառայողների վերադարձի մասին է, այլ գերեվարվածների վերադարձի պրոցեսը վերակենդանացնելու մասին, ապա նկատել՝ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել։

Նկատենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը։ Այդ գործընթացի ձգձգման պատճառները քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ պայմանավորում են այս իշխանությունների՝ հարցը լուծել չկարողանալու անկարողությամբ, նաև այն հանգամանքով, որ նշված եռակողմ հայտարարության 8-րդ կետում չեն նշվել հստակ ժամկետներ՝ ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող շրջանների մասին կետի։

168.amն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ՝ «քայլի դիմաց՝ քայլ»-երն արդեն իսկ նախատեսված չէի՞ն նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ի պատասխան՝ ադրբեջանագետը նկատեց․

«Ի՞նչ «քայլ՝ քայլի դիմաց»-ի մասին է խոսքը․ նա կատարում է քայլ՝ հրահանգի դիմաց․ ասել ե՞ն՝ կանես, անում է, հրահանգել ե՞ն քարտեզները տալ, տվել է։ Այժմ 15 հոգի է վերադարձրել, իսկ մնացած 285 գերիներին ինչի՞ դիմաց է վերադարձնելու։

Հետո՝ նա այնքան տգետ է, որ չի հասկանում՝ այդ «ականապատ քարտեզների դիմաց գործընթաց»-ը նշանակում է, որ հետագայում այդ ականազերծված դաշտերով տանկերը գալու են մտնեն Ստեփանակերտ, ու արդեն ոչ թե 15 ընտանիքում լույս կվառվի, այլ 150 հազար ընտանիքում լույս կմարի։ Ես հասկանում եմ, որ Եղվարդում այդ մութ, տգետ մասսան, որը պատրաստ է նրան հավատալ և ձայն տալ, նրանց համար այդ հայտարարությունը բավարար հիմք է․ բա մնացածնե՞րը, բա ապագա մարող լույսերի պատասխանն ո՞վ է տալու։

Վստահեցնում եմ, որ 285 գերիների դիմաց նա Սյունիքն է նվիրելու Ադրբեջանին կամ Թուրքիային, հիշե՛ք խոսքս, ու հետո կանգնելու է մի գյուղամեջում ու հպարտ ասի, որ ընդդիմությունը ողբ էր դրել, բայց ոչինչ, ես Հայաստանը զոհաբերեցի, ես երկիրը ոչնչացրեցի, ես Հայաստանի Հանրապետությունը զրոյացրեցի, բայց 285 ընտանիքում լույս վառեցի»։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթին՝ Արմինե Ադիբեկյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը սպիտակ թուղթ է ստորագրել, ու այդ սպիտակ թղթի տակ ամեն օր «ինչ-որ նոր պայման է բուսնում», ապա վստահեցրեց․

«Նիկոլ Փաշինյանը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգման ռեժիմում․ ոնց ասում են, այդպես էլ անում է։ Նա չի էլ մտածում անգամ հետևանքների մասին, ու նախիրը լուռումունջ ընդունում է ցանկացած անհեթեթություն»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև վարչապետի պաշտոնակատարի՝ գերիների մասին աղմկահարույց հայտարարությունը՝ համոզմունք հայտնելով, որ Փաշինյանը խճճվել է իր ստերի, իրարամերժ հայտարարությունների մեջ․ «Մի քանի օր առաջ նա շատ պաթոսախեղդ եղած հայտարարում էր, որ գերիները կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, մինչև հաղթի և կարողանա լուրջ զբաղվել նրանց վերադարձի հարցով, ու ընդամենը մի քանի օր հետո, տասնհինգ ընտանիքում լույս վառելու համար նույն պաթոսն է խեղդում։ Փաստորեն, ստացվում է՝ նա չէր կարող այդ հարցը լուծել (ու այդպես էլ կա) ու դրա համար հերթական անգամ ստում էր իր հանրությանը, թե գերիները կդիմանան, ես լուծելու եմ այդ հարցը, մինչև ամերիկացիներն ու վրացիները այդ տասնհինգ ընտանիքի լույսը իրենց ձեռքով վառեցին։

Բայց չգիտես՝ ինչու՝ Փաշինյանը դա կրկին վերագրում է իրեն, չնայած մի քանի օր առաջ նա չէր պատրաստվում այդ հարցը լուծել և այդ լույսը վառել ընտանիքներում։ Իսկ այդ տգետ, մութ մասսան հետևողական չէ, որովհետև չեն լսում՝ ինքն ինչ է հայտարարում»։

Ի դեպ, Փաշինյանը թեմայի առնչությամբ պատասխանել էր նաև հնչող այն հարցադրումներին, թե ինչու միայն հիմա հնարավոր դարձավ գերիների վերադարձը․ «Երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը եկավ Հայաստան, ասաց, որ իրենք պատրաստվում են շատ լուրջ ջանքեր գործադրել, որ գերիների վերադարձի պրոցեսը վերակենդանանա, որովհետև գիտեք, որ, ցավոք սրտի, այդ ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, և հարց հնչեց, թե արդյո՞ք մենք նման քայլի դիմաց պատրաստ ենք մենք էլ քայլ անել։ Եվ մենք ասեցինք՝ իհարկե, պատրաստ ենք և միշտ ենք պատրաստ եղել։

Ուզում եմ կրկնել՝ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից որոշակի քանակով քարտեզներ փոխանակվել են․ դրանք այն քարտեզներն են, որոնք այսօր մեր միջև չեն, այսինքն՝ հայկական և ադրբեջանական կողմերին չեն բաժանում իրարից, դրանք այն քարտեզներն են, որոնք, ցավոք, հայտնի հանգամանքներից, որ չնայած Ադրբեջանում արդեն այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որպեսզի մենք այս գործն առաջ տանեինք, ընդ որում, ուզում եմ ասել՝ ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ, և մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ»։

Հիշեցնենք՝ դեռ մարտ ամսին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ, որ Հայաստանն իրենց չի փոխանցել ականապատված տարածքների քարտեզները, իսկ ընդամենն օրեր առաջ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է (ՄԻԵԴ) ՀՀ կառավարությանը ծանուցել, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք ենթադրաբար վերաբերում են ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ թեմային անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ հայտարարելով, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ու Ադրբեջան կայանալիք այցի ժամանակ բարձրացնելու է «Հայաստանի կողմից ականապատ քարտեզների տրամադրումը մերժելու հարցը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել