Tert.am-ը գրում է.

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են բժշկական մասնագիտական ասոցիացիաների դերի բարձրացմանը եվ նրանց ավելի մեծ կարգավորիչ գործառույթներ շնորհելուն․

«Բժշկության , որպես առանձին գիտություն և ոլորտ, զարգացմանը զուգահեռ բժշկությամբ զբաղվող մարդիկ՝ հասկանալով իրենց առաքելության կարևորությունը և ձգտելով որոշակիորեն կարգավորել բժշկությամբ զբաղվել ցանկացողների գործունեությունը, սկսեցին հիմնել բժշկագիտական դպրոցներ, կենտրոններ, որոնց անդամակցելը ամրագրվում էր երդումով, խոստումով կամ ոսկով: Բժիշկները սկսեցին հասկանալ , որ ճիշտ կլինի, եթե իրենց գործունեության մասով որոշումների կայացումը իրականացնեն իրենք: Այսպես հիմք էր դրվում առաջին բժշկական մասնագիտական միավորումների:

 1734 թվականին  այն ժամանակվա ամենաառաջադեմ բժշկություն ունեցող երկրներից մեկի՝ Շոտլանդիայի, իսկ ավելի ստույգ` Էդինբուրդի համալսարանի բժշկական դպրոցի մի քանի սաներ որոշում են գնալ անատոմիկում և մի քիչ անատոմիա պարապել դիակների վրա: Արդեն անատոմիկում պարզվում է, որ այդ օրը միայն մեկ դիակ կա այնտեղ, և ուսանողները չեն կարողանում որոշել, թե ով պետք է առաջինը հերձումն անի: Բանը գրեթե հասնում է վեճի, և նրանք որոշում են ստեղծել մի միություն, որը կկարգավորի այդ և բազմաթիվ այլ հարցեր, որոնք առաջանում էին համալսարանում: 1737 թվականին նրանք ստեղծում են «Բժշկական Միությունը» , որը թագավորական գրանցում է ստանում 1778–ին: Այսպես ստեղծվում է Մեծ Բրիտանիայի «Թագավորական բժշկական միությունը»(Royal medical society), որը ամենահինն է համարվում` , չնայած, որ այդ տիտղոսը երբեմն վիճարկում է Լոնդոնում հիմնադրված «Դեղագործների միությունը»( Society of Apothecaries )` պնդելով, որ նրանք հիմնադրվել են 1617-ին:

Բժշկագիտության զարգացման համաշխարհային փորձը ցույց է տալիս , որ կայուն զարգացող և լավ կարգավորվող համակարգ ունեն այն երկրները, որոնք ունեն ուժեղ բժշկական մասնագիտական ասոցիացիաներ, որոնց պետությունը պատվիրակել է բավականին կարևոր կարգավորիչ գործառույթներ: Կան երկրներ,օրինակ ԱՄՆ-ն, որտեղ առողջապահության բնագավառի գրեթե ողջ կարգավորումը վերապահված է մասնագիտական ասոցիացիաներին, և նրանք փայլուն կերպով իրականացնում են դա:

Մենք տարիներ շարունակ փորձում ենք  կամ գոնե հայտարարում ենք, որ փորձում ենք կարևորել և ուժեղացնել մեր բժշկական մասնագիտական ասոցիացիաները, սակայն սայլը գրեթե չի շարժվել տեղից: Մենք մինչ օրս չունենք այդ ասոցիացիաների գործունեության օրենսդրական կարգավորում, և նրանք գրանցում են ստանում որպես սովորական ՀԿ-ներ: Պատկերացրեք, որ մեր երկրում կարող են ցանկացած 2-3 հոգի հավաքվել և ստեղծել մասնագիտական ասոցիացիա: Արդյունքում ունենք մոտ 18 ասոցիացիա միայն ստոմատոլոգիայում, գրեթե չկա բժշկական ուղղություն, որով չունենանք մեկից ավելի նմանատիպ կառույց: Ընդհանուր առմամբ դրանք ավելի քան 200-ն են, և նրանց բացարձակ մեծամասնությունը գոյություն ունի զուտ թղթի վրա:

 Այս իրավիճակը արմատական փոփոխություններ է ուզում: Մենք պետք է առանձին օրենք ընդունենք բժշկական մասնագիտական ասոցիացիաների մասին, կարգավորենք անդամության հարցերը, սահմանենք չափանիշներ, տանք լիազորություններ: Իմ համոզմամբ Հայաստանում  բժիշկը  պետք է մասնագիտական գործունեության լուրջ դժվարություններ ունենա, եթե նա այս կամ այն ասոցիացիայի անդամ չէ , չի վճարում անդամավճար և ներդրում չունի համակարգի կայացման և ինքնակարգավորման գործում: Նաև պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ ձևականորեն հիմնադրված կամ ոչ բավարար ակտիվություն ունեցող ասոցիացիաները կա’մ փակվեն, կա’մ միավորվեն ու խոշորանան:

Պետությունը մի օր կհասկանա, որ պետական չինովնիկը՝, նույնիսկ եթե նա առողջապահության նախարարն է, զուտ մասնագիտական դաշտում կայացվող որոշումների համար անհրաժեշտ գիտելիքներ չունի: Նրանց մեծ մասի նույնիսկ ոլորտային և կառավարչական գիտելիքներն են  մեծ հարցականի տակ : Եվ մի գեղեցիկ օր պետությունը կորոշի կառավարչական և կարգավորման որոշ գործառույթներ հանձնել ասոցիացիաներին: Այդ օրը անխուսափելիորեն գալու է, և այդ օրվան մեր ասոցիացիաները պետք է պատրաստ լինեն,. նրանք արդեն բավական հզորացած պետք է լինեն, որ կարողանան այդ բեռը տանել:

Իսկ ի՞նչ կարող են և պետք է իրականացնեն նրանք: Իմ կարծիքով   մասնագիտական ասոցիացիաների գործունեության տիրույթում պետք է լինեն.

Բուժաշխատողների հաշվառման և ռեգիստրի վարման աշխատանքները։

Բուժաշխատողների աշխատանքային գործունեության թույլտվության կամ այդ թույլտվությունը հետ կանչելու գործառույթը՝ ներառյալ լիցենզավորում, հավաստագրում:

Շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների իրականցումը, կրեդիտների շնորհումը և դրա նկատմամբ վերահսկողությունը։

Կլինիկական չափորոշիչների և գործելակարգերի  մշակումն ու ներդրումը։

Առողջապահության բնագավառի մասնագիտությունների ցանկի մշակումը և թարմացումները։

Վերոնշյալ ցանկին համապատասխան մասնագետների որակավորման բնութագրերի մշակումը։

Հետբուհական կրթական ծրագրերի մշակմանը և իրականացման որակի նկատմամբ վերահսկողությանը անմիջական մասնակցություն։

Վեճերի արտադատարանական լուծում՝ ընդհուպ մինչև անկախ փորձաքննությունների իրականցում։

Բուժաշխատողների մասնագիտական ռիսկերի ապահովագրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել