168.am-ը գրում է.

Երկրում հաստատված է եղել կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա. Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով․

«Այո, եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, կանենք էլի հեղափոխություն, կանենք էնքան հեղափոխություն՝ մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ:

Դուք տե՛ր չեք, դուք ծառա՛ եք.  դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր,  Հայաստանում տեր է լինելու ժողովուրդը, քաղաքացին, և դուք բոլորդ  պիտի խոնարհ ծառայեք նրանց»:

168.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին:

Ի պատասխան՝ նա նկատեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի արտահայտած մտքերը հոգևոր աշխարհի սպասավորների վերաբերյալ խիստ տարակուսելի են և դատապարտելի:

«Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար, որոնք բացարձակ առնչություն չունեն մեր կյանքի իրողությունների հետ։ Մայր Աթոռը կոչ է անում զսպվածության և անդրադարձումի իր կողմից թույլ տրվող դատողությունների առնչությամբ։

Բոլոր ժամանակներում հայ եկեղեցականը եղել և մնում է իր հայրենիքի և իր ժողովրդի սպասավորը և պաշտպանը, կերտողը և պահապանը ազգային-հոգևոր արժեքների, իրագործողը ազգի իղձերի և ամոքողը նրա ցավերի։ Հեռու չենք գնա՝ հայրենական կյանքի վերջին ցավալի իրողությունները փաստել են, թե ով ո՛վ է և ով ինչի՛ է ընդունակ։ Մնացյալը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ով ականջ ունի՝ կլսի, ով աչք ունի՝ կտեսնի»,-  հավելեց  Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել