Hraparak.am-ը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Արագածոտնի մարզի առաջին կանգառում՝ Արագածավան համայնքում, նախօրեին առանձնահատուկ ջերմությամբ դիմավորեցին, մի կին անգամ վարդի թերթիկներ շաղ տվեց Փաշինյանի գլխին՝ կարծես հարսանիքի արարողություն էր, ոչ թե քաղաքական միջոցառում՝ քարոզարշավ։

Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց «նման ջերմ ընդունելության համար»։ Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, ով 20 տարուց ավելի է՝ ղեկավարում է համայնքը՝ 7 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում, երեկ մեզ հետ զրույցում երդում-պատառ կերավ, որ այդ կինն իրենց համայնքից չէ։ «Չգիտեմ որտեղից է, բայց իրար լավ ճանաչում էին, զրուցում էին ինքն ու Նիկոլ Փաշինյանը։ Կարող է իրենց հետ էին բերել»,- ասաց համայնքապետը։

- Ովքե՞ր էին մասնակցում Ձեր համայնք եկած Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, եւ ո՞վ էր վարդեր շաղ տվող կինը։

- Մեր համայնքում իրան (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ Լ․ Շ.) դիմավորելու համար հարյուր տեղից էին եկել, ես չգիտեմ՝ էդ վարդեր շաղ տվող կինը կոնկրետ որտեղից էր եկել, բայց ինքը մեր համայնքից չէ։

- Վստա՞հ եք, որ Ձեր համայնքից չէ, գուցե Ձեր համայնքից է՝ չե՞ք ճանաչում կամ պարզապես չեք ուզում ասել, գուցե մտածում եք՝ հանկարծ տհաճ միջադեպ չլինի։

- Վա՜յ, ի՞նչ ա նշանակում՝ վստահ եք․․․ Հաստատ վստահ եմ, ինքը մեր գյուղից չի։ Ես 20 տարուց ավել էս գյուղի գյուղապետն եմ, ո՞նց չեմ ճանաչում։

- Իսկ շա՞տ մարդ կար, որ Ձեր համայնքի բնակիչ չէր, բայց ներկա էր Արագածավանի հանդիպմանը։

- Ես չեմ հաշվել՝ ինչքան էին, նորմալ էր՝ հա՛մ ընենց կար, հա՛մ դրսից եկած կար։

- Ձեր գյուղից մոտավորապես քանի՞սն էին մասնակցում։

- Մի 200։

- Բա չհետաքրքրվեցի՞ք՝ ով է այդ կինը, ինչու է որոշել Ձեր համայնքում մասնակցել քարոզարշավին եւ ծաղիկ շաղ տալ Փաշինյանի գլխին։

- Այ մարդ, էդ մարդիկ իրար ծանոթ էին, բերեց իրա ծանոթի գլխին վարդի թերթիկներ շաղ տվեց-գնաց, անձամբ ճանաչում էին իրար, երկար զրուցում էին։

- Ի՞նչ էին զրուցում։

- Ես չգիտեմ, ասում եմ՝ մեր գյուղից չի, կարող է՝ իրանց հետ էր եկել, կարող է՝ կողքի գյուղերից էր եկել։

- Իսկ անձամբ Դուք մասնակցո՞ւմ էիք Փաշինյանի քարոզարշավին։

- Հա, ինչի՞ պիտի չմասնակցեի։

- Դուք «Քաղպայմանագրի» անդա՞մ եք։

- Ոչ մի պայմանագրի անդամ էլ չեմ, կուսակցության անդամ էլ սկի չեմ․․․ Դա քարոզարշավ չէր, հայրենիքի վարչապետը եկել էր մեր գյուղ, ես էլ՝ որպես գյուղի գյուղապետ, դիմավորել եմ։

- Աջակցո՞ւմ եք իրեն։

- Շատ եք խորանում։ Ես 20 տարում քանի ընտրություն անցած կլինեմ՝ հլա հաշվի, հիմա ի՞նչ ես ուզում իմանաս։

- Ուզում եմ իմանալ՝ նախկին ղեկավարներին է՞լ էիք գնում-դիմավորում, կամ եթե հիմա Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ձեր գյուղ գան, էլի դիմավորելո՞ւ եք։

- Հա, գնացել եմ ու հիմա էլ անպայման կգնամ, կդիմավորեմ։ Մեր գյուղը մարզի ամենամեծ գյուղն ա, բոլորը եկել են մեր ձայների ետեւից, բոլորը խոսացել են, բոլորին էլ դիմավորել եմ։ 7․200  բնակիչ ունենք, համարյա 5 հազար ընտրող։ Իսկ խոշորացված հաշվով՝ 8․500 ընտրող ունենք։

- Փաստորեն, Ձեր համայնքի բնակիչների մի տոկոսն էլ չի մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը։

- Դե․․․ սեզոն չի, մարդիկ պարապ չեն՝ խոտ են քաղում, ջուր են անում։

- Իսկ խոստացա՞ք, որ գոնե լավ ձայներ եք տալու իրենց, հանկարծ դիլխոր չմնային։

- Չէ, ըտենց չի, ոչ մեկ ինձ բան չի ասել, ես էլ ոչ մեկին բան չեմ խոստացել։ Էդպես չի, որ ես նախկինում էլ գլուխ եմ ջարդել, ոնց ստացվել է, ըտենց էլ ստացվել է, եղել է, որ ընդդիմությունն էլ է հաղթել։

- Հիմա ո՞վ կհաղթի, ըստ Ձեզ՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։

- Էսքա՜ն եղածից հետո ես հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, շատ տարբեր է։ Մի գյուղում որ 27 ուժ մտնի ու քանդուքարափ անի, ո՞նց կարաս ջոգես՝ ով կհաղթի, ով՝ չէ։ Երեկ եկել են, էսօր էլ են եկել, վաղն էլ են գալու, բոլորն էլ գալու են։ Բայց ես նախկինում էլ, հիմա էլ կուսակցական չեմ ու չեմ եղել, սովետի ժամանակ էլ կուսակցական չեմ եղել։

- Բայց հոգով ընդդիմադի՞ր եք, թե՞ իշխանական։

- Գաղտնիք է։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել