Եղել են հարձակումներ լրագրողների վրա, հայհոյանքներ, հարված, գույքը փչացրել են, խոսքը վերաբերում է Անի Գևորգյանին, Սյուզի Բադոյանին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Աղասի Ենոքյանը՝ ներկայացնելով լրատվամիջոցների խնդիրները։

«Լրագրողների դեմ ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից հիմա դատական հայցեր են ստեղծվում, խոսքը մասնավորապես վերաբերում է Ալեն Սիմոնյանի կողմից Անի Գևորգյանի նկատմամբ 2 միլիոնի դրամի պահանջով հայց ներկայացնելուն»,–ասաց նա և նշեց, որ սա էլ ճնշման մյուս ձևն է։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը՝ Աղասի Ենոքյանը նշեց, որ մեծագույն ժամանակը ստանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մոտ 5 րոպե հատկացվում է նրանց քարոզարշավին, իսկ մյուսները լավագույն դեպքում դրա կեսն են ստանում։

«Որոշ կուսակցությունների գործունեություն ընդհանրապես չի լուսաբանվում, ես դա բնական եմ համարում, քանի որ կուսակցությունները շատ են, իսկ լրագրողները քիչ և պետք է լուսաբանվեն այն կուսակցությունները, որոնք առավել մեծ հանրային, քաղաքական հետաքրքրություն են ներկայացնում»,–ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել