168.am-ը գրում է.

Ադրբեջանական կայքերը երեկ հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի սահմանային հատվածից մեկ հայ են գերեվարել։ Այս տեղեկատվությունը տարածելուց հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը լուրը հաստատեց՝ նշելով, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը կրկին հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ գերեվարված զինծառայողը վերադարձվել է և այժմ Ստեփանակերտում է։ Սակայն այս տեղեկությունը երեկ արդեն տարածել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։

Հայ զինծառայողը նախապայմաններո՞վ է վերադարձվել Հայաստան, թե՞ ոչ, ո՞վ է եղել հիմնական բանակցողը։ Այս հարցերին 168.am-ի հետ զրույցում պատասխանեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

«Թե ո՞վ է բանակցել՝ այստեղ քննարկելու հարց չկա, բանակցողը ռուսական կողմն է եղել՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Մուրադովին՝ արագ արձագանքելու և լավ աշխատելու համար»,- ասաց Մենուա Հովսեփյանը։

Նա տեղեկացրեց, որ տեղեկություն չունի՝ արդյոք գերեվարված հայ զինծառայողին որևէ նախապայմանո՞վ են վերադարձրել, թե՞ ոչ։

Հարցին՝ մայիսի 27-ին Գերղարքունիքի մարզի սահմանային դիրքերից մեկից 6 գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ որևէ բանակցություն եղե՞լ է, Մենուա Հովսեփյանը պատասխանեց, որ հարցի վերաբերյալ որևէ տեղեկության չի տիրապետում։

Ինչ վերաբերում է Սյունիքի ընդհանուր վիճակին, Մենուա Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրավիճակը նույնն է։

«Բոլորդ էլ տեսնում եք, որ որևէ բան նորմալ չի իրականացվում, Սյունիքն անվտանգ չէ, Սյունիքի սահմաններն անվտանգ չեն։ Իրավիճակի փոփոխություն չկա, դեռ մի բան էլ վատ է, բոլորս էլ երեկ ականատես եղանք այդ դեպքին, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ ավարտ ունեցավ»,- եզրափակեց Մենուա Հովսեփյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել