168.am-ը գրում է.

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, իսկ ինչ վերաբերում է ինժեներական աշխատանքներին, խրամատավորումներին՝ ամենօրյա բնույթ է կրում, տեխնիկա էլ կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը, որը կամավորագրվել և բարձրացել է Կութի դիրքեր ծառայություն իրականացնելու։

Անդրադառնալով հունիսի 5-ին Կութ գյուղի արոտավայրերում տեղի ունեցած միջադեպին, երբ թշնամին կրակել էր հայ հովվի վրա ու անասունների մի մասը գողացել, Սևակն ասաց․

«Մոտ 150 անասուն է եղել, 83-ն են տարել։ Տղերքը փորձել են օգնել հովվին, փորձել են անասունների որոշակի մասը հետ բերեն, իրենց կյանքը զոհաբերելու գնով փորձել են ինչ-որ բան գյուղացու համար փրկել ու իրենց ուղղությամբ էլ են կրակոցներ եղել․․․»։

Կամավորականը կոչով դիմեց հայ տղաներին, որպեսզի բոլորը գնան և կանգնեն 18 տարեկան զինվորների կողքին․

«Պետք է մենք շատ լինենք, որ կարողանանք խնդիր լուծենք, եթե մենք շատ չենք, թշնամին տեսնում է, օրինակ՝ 15 հոգանոց ջոկատ սահմանին, բայց իրենք 100 հոգով են, կարողանում է խնդիր լուծել․․․»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե  իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Ավելի ուշ՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները  շրջափակել և գերեվարել էին ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, որոնք, ըստ պաշտոնական տեղեկության, ինժեներական աշխատանքներ էին կատարում։

Գերեվարված անձինք են՝ պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել